Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիները մնացել են անհող

Մարզեր

  Շիրակի մարզի   Այգաբաց գյուղին պատկանող 221 հեկտար վարելահողը մինչեւ 1998 թվականը մրցութային կարգով վարձակալության է տրամադրվել գյուղացիներին: Սակայն համայնքի նախկին ղեկավարը 25 տարի ժամկետով տրամադրել է ՙԽոշորի բտման՚ կոչվող բաց բաժնետիրական ընկերությանը: Գյուղացիները հավաստում են, որ պայմանագրի ստորագրումը կատարվել է մի շարք օրինախախտումներով:

  ՙՄեր նախկին գյուղապետը՝ Ալթունյան Գագիկն առանց ժողովրդին տեղյակ պահելու, առանց աճուրդի, առանց ավագանու որոշման 221 հեկտար համայնքապատկան հողը հանձնել է  ընկերությանը՚, - դժգոհում  են  գյուղացիները:

  Ընկերությունը գյուղացիների հավաստմամբ հրաժարվում է նշված հողը վարձակալությամբ տրամադրել Այգաբացի բնակիչներին:

Դեռ ավելին, բնակիչներից երեք հոգու դեմ էլ հայց է ներկայացրել դատարան, որտեղ նշված է, որ նրանք վարելով իրեն պատկանող հողատարածքից վեց հեկտարը՝ 13 միլիոն դրամի վնաս են հասցրել:

 Ըստ  պայմանագրի'  այն  պետք  է  օգտագործվեր  որպես  արոտավայր: Այնինչ գյուղացիները պնդում են, որ երբեւէ չեն տեսել, որ այդ ընկերությունն օգտագործի հողատարածքը:  Ներկայիս  գյուղապետ  Սասուն  Մանասյանը  եւս  նշում  է, որ  համայնքը  ղեկավարելով  2005  թվականից' կարող  է  փաստել, որ  հողերում  արածող  անասուն  երբեւէ  չի  տեսել:

  Շիրակի  մարզպետ  Լիդա  Նանյանն  էլ  նշում  է, որ  իրոք  եթե  հողը  վարձակալությամբ  տրամադրվեր  գյուղացիներին, նրանք  կկարողանային  շատ  կարիքներ  հոգալ:

  Մարզպետը հավելեց, որ ընկերությունը կատարել է պայմանագրի մի շարք կետերի խախտում, չի կատարել վարձակալության համար սահմանված վճարումները: Այժմ գործը քննվում է դատարանում եւ Շիրակի մարզպետն արդարացի է համարում Այգաբացի բնակիչների՝ ընկերության հետ կնքած պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջը:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ