Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ամուլսար-լեռը1
A A
Պաշտոնական

Որպեսզի Ամուլսարը սար մնա․ հերթապահությամբ պահպանում են հանք տանող ճանապարհը (տեսանյութ)

Ակտիվիստ-լրագրող Արման Ղարիբյանը տեսանյութ է հրապարակել Ամուլսարից՝ «երկրորդ պոստից»՝ երկրորդ ճանապարհից, որը տանում է դեպի հանք, սակայն փակ է։ Այնտեղ մեկ տարուց ավելի է՝ մարդիկ հերթապահում են, որպեսզի թույլ չտան դեպի հանք գնալ։

Լրագրողը զրուցել է Տիգրան Մանուկյանի հետ՝ Ամուլսարի պահապաններից, ով հերթապահ է մնացել տվյալ վայրում, մինչ մյուսները Ջերմուկ էին գնացել, որտեղ այսօր ակցիա է իրականացվելու։

Վերջինը նշել է, որ մեկ տարուց ավելի է՝ պահպանում են Ամուլսար տանող ճանապարհը։

«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, որպեսզի Ամուլսարը սար մնա»,- ասաց նա։

Տիգրանը նշեց, որ աշխատում է դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, սակայն զուգահեռ հերթապահություն է իրականացնում այստեղ՝ մի քանի հոգու հետ միասին, որպեսզի պահպանեն Ամուլսարը։

Անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ վերջին փորձաքննությանը՝ նա նշեց, որ այդ այն իրականում փորձաքննություն չէ, քանի որ արվել է Լիդիանի փորձաքննության հիման վրա։

«Լիդիանի փորձաքննություններն են հետազոտել։ Սկզբից էլ ասել ենք՝ Ջերմուկ համայնքի բնակիչները չեն ուզում, որ էստեղ հանք լինի, առողջարանային քաղաքում չի կարող հանք լինել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ այսօր ջերմուկցիներն ակցիա են անելու Ամուլսարի հարցով, նրանք նշել էին, որ սպասելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում