Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20190814_125818
A A
Մարզեր

Դեմ է՝ հենց «ստամբուլյան» բառի համար․ ինչպե՞ս են Գյումրիում վերաբերում կոնվենցիային (տեսանյութ)

Սպիտակ դրոշներ՝ «Կամք» տարբերանշանով, սեղան, մի քանի աթոռ եւ ստորագրահավաքին միանալու կոչ: Գյումրիի Ռիժկովի ճեմափողոցում արդեն 3-րդ օրը Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հկ-ն քաղաքացիներին հորդորում է ընդդիմանալ Ստամբուլյան կոնվենցիային: Ընդդիմության արտահայտչամիջոցն այս պարագայում ստորագրությունն է եւ ստորագրելով լուսանկարվելը: 

Առաջին բանը, որ ասվում է քաղաքացուն, հետեւյալն է. «Եկեք, միացեք՝ ընդդեմ այլասերվածության քարոզի»: 

«Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանը չի թաքցնում, որ մարդկանց մեծ մասը չգիտի, թե խոսքն ինչի մասին է:

«Գալիս են, բացատրում ենք, իրազեկման թերթիկ ենք տալիս, նոր են ստորագրում»,-ասաց նա «Ա1+»-ի հետ զրույցում:

Նույն թերթիկից նաեւ մեզ տրվեց։ Դրանում նախ նշվում է, որ հայը վերապրել է Ցեղասպանություն, վերականգնել է անկախ պետականությունն ու   ազատագրել է Արցախը: Սակայն ՀՀ-ում, Արցախում, թե Ջավախքում դատապարտվել է օրվա հացի խնդրով, որովհետեւ, ըստ իրազեկման թերթիկի, «կաշառակեր եւ անկուշտ համակարգը հայրենիքը հասցրել է սպառման եզրին»:

Այնուհետ, վիճակագրություն, թե 30 տարում որքանո՞վ է աճել Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակչությունն ու ինչքանով նվազել ՀՀ քաղաքացիների թիվը:

«2018 թվականի մայիսին մեկ մարդու պես իշխանությունից հեռացրել ես կաշառակեր վարչակարգին՝ աշխարհին ցույց տալով խաղաղասիրության եւ ազատասիրության  քո տաղանդը: Սակայն այս անգամ իշխանության շարքեր են թափանցել քո ազգային ինքնության վերացման երդվյալ դարանակալ, օտարամուտ ուժեր, որոնց միակ նպատակն է արատավոր արժեքների ներարկման միջոցով բնաջնջել հայ ընտանիքը, պղծել հայ երեխային, տապալել հայկական մշակույթի ու Ազգային Առաքելական Եկեղեցու հենասյուներն ու վերջնական կործանման հասցնել մեր ազգը»,-ասված է քաղաքացիներին տրվող թերթիկում:

Հաջորդ տողերում եւս ոչինչ չկա Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներից ու ձեւակերպումներից: Ընդամենը հայ կնոջը կոչ են անում բարձր պահել հայ ընտանիքի, երեխայի ու սրբազան մոր պատիվը,  վետերանին ու ուսուցչին կոչ են անում «փրկել պղծումից մեր վաղվա զինվորին»: Կոչեր կան նաեւ՝ ուղղված դիվանագետին, իրավաբանին, հայ իշխանավորին, մտավորականին ու մշակույթի գործչին: Լրագրողին էլ կոչ է արվում «բացահայտել երեսուն  արծաթ դրամով մեր ազգը սրբապղծության մատնող ուժերին»: Թշնամու համար էլ թերթիկում զգուշացում կա: Սա է ընդհանուր բովանդակությունն այն թերթիկի, որը Վահագն Չախալյանը համարում է իրզեկման: Այսինքն, եթե սա տրվում է քաղաքացուն, ըստ Չախալյանի, Ստամբուլյան կոնվենցիային անծանոթ ցանկացած մեկը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը:

«Մարդիկ կարդում են, մենք էլ չենք զլանում,  բացատրում ենք, պարզաբանում ենք, նոր ստորագրում են: Էնքան շատ է հակաքարոզը, որ մինչեւ չենք բացատրում, չեն ստորագրում: Բայց շատերն էլ կան, որ կոնկրետ տեղյակ են, գալիս են ստորագրելու: Ու քիչ էլ չի մարդկանց թիվը: Գյումրին շատ ակտիվ է»,-ասաց Չախալյանը:

Ըստ նրա՝ փորձ էր արվում անաղմուկ վավերացնել այս փաստաթուղթը, դրա համար էլ հուլիսի 17-ից, գիշերը չեն քնել, հավաքվել, որոշել, ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Չախլայանը նաեւ դժգոհեց՝ լրատվամիջոցներն իրենց չեն անդրադառնում: Բայց, պարզվեց, սեւ PR կա: «Ասում են՝ ստորագրություն են հավաքում, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեն, կամ ասում են, թե ստամբուլյան բառի համար է, որ չեն ստորագրում: Չկա նման բան: Ճիշտ է բառը բնական հակակրանք  է առաջացնում, բայց դա ամենեւին էդպես չէ»:

Նույն պահին, սակայն ստորագրահավաքին մասնակցող քահանան հրաժարվեց տեսանկարահանումից, սակայն հստակ ասաց՝  միացել է ստորագրահավաքին եւ դեմ է կոնվենցիային՝ հենց «ստամբուլյան» բառի համար:

Ստորագրահավաքին միացած Հոլանդիայի բնակիչ Գեւորգ Բագրատունին էլ կոնվենցիայում Հայաստանի համար պայթյունավտանգ կետեր է գտել: Դրա համար էլ եկել Գյումրի, ընդդիմանում է: Բայց բնակության վայրը փոխելու մասին խոսք չկա: Բագրատունին  կշարունակի ապրել Հոլանդիայում: Սիրտը, սակայն Հայաստանի համար ցավում է:

Բագրատունին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝ մի փաթեթ ընդունելով ընտանեկան բռնությունը չի վերանում, եթե օրենսդրորեն չի կարգավորվում խնդիրը, թող նորը գրեին, հայերը հեղինակեին նոր փաստաթուղթ, ոչ թե օտարինը բերեին, տեղայնացնեին: Իսկ այսպես ուզում են կամաց-կամաց տանեն, սարքեն հոլանդական տեսակի մի պետություն, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում»:

«Ու վերջում էդ ամեն ինչը դառնում է հակաքրիստոնեական: Նույն էդ համասեռամոլները, կարող ես դեմ լինել, կողմ լինել, քու անձնականն ա, բայց հակասում ա Աստծո օրենքներին, դու չես կարա փախնես: Պիտի ընտրություն կատարես՝ ընտրում ես Կտակարանի՞ ասածը, թե՞՝ պետական օրենքները: Եվ հենց այստեղ էլ բախումն է»,-վստահ է Բագրատունին:

«Պոլիտիկայից» արդեն հոգնած գյումրեցի լրագրավաճառն էլ է միացել ստորագրահավաքին: Անկեղծացավ՝ Ստամբուլյան կոչվող կոնվենցիայից ոչինչ էլ չգիտի: Բայց՝ դեմ է: Ու վստահ է դեմ: «Ընդունեն, չընդունեն, ըդիկ ընձի՝ հեչ, բայց 100 տոկոս դեմ եմ, ես կըսեմ: Ընդունեցին էլի նույն բանը բդի էղնի, չընդունեցին, էլի նույն բանը բդի էղնի, հիվանդը հիվանդ կմնա (նկատի ունի նույնասեռականներին), էդ էնողն էլ էնող կեղնի»,-ասաց նա:

Վահագն Չախալյանն էլ վստահեցրեց, ստորագրահավաքը կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ չհաղթանակեն: Իսկ որ այդ օրը մոտ է, չի կասկածում:  «Կամք»-ը խաղաղ ակցիաներին է կողմնակից, բայց փողոցից տուն կգնա այն ժամանակ, երբ տուն կճանապահի Ստամբուլյան կոնվենցիան: