Բացել լրահոսը Փակել լրահոսը
12022431_912277562219506_8708775672777098853_o
A A
Պաշտոնական

Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է

Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը: 

Լրամշակված նախագծով՝

 

  • «Հաշվառում» ձևակերպումը փոխարինվել է հայտ ներկայացնելու ինստիտուտով: Թեև Արդարադատության նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ վերոնշյալ ձևակերպումը նախագծում օգտագործվել է՝ հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորումը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «հաշվառում» բառի հետ կապված առկա է բացասական ընկալում: Ուստի,  տարընթերցումներից և տարընկալումներից խուսափելու նպատակով նախագծի լրամշակման արդյունքում ներդրվել է հայտ ներկայացնելու ինստիտուտը։ Այս կապակցությամբ Արդարադատության նախարարությունը վերահաստատում է, որ ինչպես հանրային քննարկման ներկայացված, այնպես էլ լրամշակված նախագծում առկա կարգավորումը մեկ նպատակ է հետապնդում՝ անվճար հիմունքներով հասանելի դարձնել ռեգիստրի տվյալները որոշակի սուբյեկտային կազմի՝ լրատվական գործունեություն իրականցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

 

  • Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում լրատվական գործունեությունն իրականացվում է նաև համացանցային կայքերի միջոցով, լրամշակման արդյունքում  ընդլայնվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված՝ «զանգվածային լրատվության միջոց» եզրույթը, որպեսզի համացանցային կայքերը ևս հնարավորություն ունենան  օգտվել պետության տրամադրած արտոնությունից:  

Տեղեկացնենք նաև, որ առաջիկա օրերի ընթացքում նախատեսվում են կատարված լրամշակումների վերաբերյալ քննարկումներ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների շահագրգիռ ներկայացուցիչների հետ։

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն