Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուրտն է մեղավո՞ր

Մարզեր

Շաքարի գործարանն այս տարի չի գործարկվելու, ինչպես հայտարարվում էր նախապես:
Սա չի նշանակում, թե գործարանը պատրաստ չէ գործարկման կամ որեւէ սարքավորում դեռ ներկրված չէ, - ասում է գործարանի տնօրեն Էդուարդ Սարգսյանը: Արտասահմանից ներկրվող հումքի մասով գործարանը պատրաստ է աշխատելու, սակայն եղանակներն են անբարեհաճ աշխատանքների մեկնարկի համար: Գործարանի համակարգն աշխատում է ջրով, որը ցուրտ եղանակներին գիշերը սառչում է: Քանի որ գործարանի աշխատակիցները դեռեւս փորձ չունեն, ռուս կոլեգաների խորհրդով որոշել են աշխատանքի մեկնարկը հետաձգել մինչեւ գարուն:
Գործարկման աշխատանքներն հետաձգելը պատասխանատուների հավաստմամբ առավել շահեկան է, քանզի եթե շարքից դուրս գան արդեն տեղադրված սարքավորումները դրանց վերանորոգումն ավելի շատ ժամանակ կպահանջի մասնագետներից, ինչպես նաեւ կավելանան ծախսերը:

Գործարկումն ամենայն հավանականությամբ կլինի ապրիլ ամսին, ամեն դեպքում աշխատանքների մեկնարկը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ գիշերային ժամերին մարզում ջերմաստիճանը երեք աստիճանից ավել չնվազի ու արդեն նկատվի ջերմաստիճանի բարձրացում: Էդուարդ Սարգսյանի խոսքերով մայիս ամսին արդեն գործարանը կմտնի ռեժիմի մեջ եւ կարտադրվի նորմալ որակի շաքարավազ: Ամեն դեպքում ներդրվող գումարների գերակշիռ մասը գործարանի վրա արդեն ծախսվել է, աշխատանքների 10-15 տոկոսն է մնում ավարտին հասցնել, հինգ հազար խմ բետոնային աշխատանքներ են իրականացվելու, մետաղական կոստրուկցիաների վրա աշխատանքներ կան:

Շինաշխատանքներին ներկայումս ընդգրկված է 430 աշխատակից, ձմռանը ժամանակավոր հանգստի կմեկնեն միայն բետոնագործները, եղանակների տաքացմանը զուգընթաց նրանք կրկին աշխատանք են ունենալու:

Ընդհանրապես ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանը կունենա 1000-1200 աշխատատեղ, սա զուտ գործարանի ներսում, աշխատանքներում կընդգրկվեն նաեւ հարեւան գյուղերը, եթե իհարկե զբաղվեն ճակնդեղի մշակմամբ: Այս ուղղությամբ կառավարությունն արդեն քայլեր ձեռնարկել է, գյուղնախարարության համապատասխան մասնագետների հետ համատեղ կազմվել է հանձնաժողով, որը գլխավորում է փոխվարչապետը:

Ճակնդեղի ընդունման գին արդեն սահմանված է, սակայն գործարանի տնօրենը չշտապեց այն հրապարակել, նշելով, թե հնարավոր է ինքնարժեքի ճշգրտումներից հետո գների փոփոխություն լինի: Ամեն դեպքում արվելու է հնարավորը գյուղացիներին շահագրգռելու համար, որպեսզի վերջիններս զբաղվեն ճակնդեղագործությամբ, այլապես գործարարի 30-35 մլն դոլարի ներդրումային մասը ապարդյուն կլինի:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ