Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցի փոխարեն' քաղաքապետարան

Մարզեր

Դպրոցում լինելու փոխարեն' այսօր վաղ առավոտյան Վանաձորի թիվ 7 դպրոցի ուսուցչուհի Անահիտ Եղինյանը   մի խումբ իններորդցիների հետ  եկել էր Վանաձորի քաղաքապետարան' առաջարկով, որ երեխաներին ավտովթարներից պաշտպանելու համար վերգետնյա կամ ստորգետնյա գետնանցում կառուցվի:

Թիվ 7 դպրոցը գտնվում է հենց մայրուղու վրա: Սա առաջին անգամ չէ, որ այս պահանջով  նրանք դիմում են քաղաքապետարան, բայց քանի որ քաղաքապետարանի  բյուջեն  չի բավականացնիում եւ առայժմ հնարավոր չի անցում կառուցել, քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձնարարեց  Նարեկացի փողոցի այդ հատվածում առայժմ լուսակիր տեղադրել:

Դպրոցի տնօրինությունը պատրաստվում է  նույն հարցով դիմել  Վանաձորի ավագանուն:

 Վերջին 2 ամսվա ընթացքում փողոցի այդ հատվածում 6 վթար է գրանցվել, տուժածներից երեքը  դպրոցահասակ են:

Վերջին դեպքը տեղի է ունեցել 20 օր առաջ, որից տուժել է առաջին դասարանցի Լեւոն Նիկողոսյանը'  նրան շտապ օգնության մեքենայով անմիջապես տեղափոխել են Երեւան, ուր նա բուժվում է մինչ օրս:

   Ի դեպ, անմիջապես մայրուղու վրա գտնվելը դպրոցի միակ խնդիրը չէ: Երրորդ մաս կոչվող թաղամասի հանրակրթական միակ դպրոցը  մյուս թաղամասերի հետ կապվում է 2 կամրջակով, որոնք  փայտաշեն են  եւ հասցրել է խարխլվել: Ինչպես դպրոցի տնօրեն Մերուժան Մելոյանն է ասում, կամրջի փայտերը գողանում են.ՙԱյդ կամրջակով հարեւան գյուղի անասուններն են անցնում, դրա համար է կամրջակը շուտ  է քանդվում, իսկ արդյունքում ուսուցիչ ու երեխա այծի նման  թռչելով  են դպրոց  հասնում՚:

Շենքի պայմաններն էլ չեն համապատասխանում դպրոցի պահանջներին: Երկրաշարժից հետո դպրոցին ժամանակավոր տրամադրել  էին ՙՏեխնոսարք՚  գործարանի շենքը, որը  թեկուզեւ հարմարեցվել է դպրոցի պայմաններին' դասասենյակներ են նորոգվել, սակայն դպրոցը մինչ օրս չունի մարզադահլիճ ու հանդիսությունների դահլիճ, չունի նաեւ լաբորատորիաներ:

   Թիվ 7 դպրոցում այժմ սովորում է 217 աշակերտ:

Նելլի Դավթյան

Վանաձոր