Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Հյուրանոցային բիզնես ստեղծելու հնարավորություն՝ արաբկիրցիների համար (տեսանյութ)

Արաբկիր վարչական շրջանն արաբկիրցիներին առաջարկում է B & B (Bed&Breakfast) ձևաչափով հյուրանոցային բիզնես ստեղծելու հնարավորություն։ Վարչական շրջանը առաջարկում է սեփական տներ ունեցող անձանց միանալ նախագծին՝ իրենց տան մի հատվածը դարձնելով հյուրատուն։ Կընտրվի հյուրատան համար հարմար շրջան։ Ծրագիրը միայն բնակիչների մեծ մասի համաձայնության դեպքում հնարավոր կլինի իրականացնել։ «Ա1+»-ի հետ զրույցում նախագիծը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։

Նա նշում է՝ Տաթևում, Դիլիջանում և Կալավանում բնակիչներից շատերը իրենց տները օգտագործում են այդ նպատակով՝ սենյակներ հատկացնելով զբոսաշրջիկներին։

Վարչական շրջանի ղեկավարը վստահ է, որ ծրագիրը կնպաստի շրջանի ակտիվացման և զբոսաշրջության ներհոսքին։ Ծրագիրը հաջողելու համար վարչական շրջանը պատրաստ է աջակցել համայնքի բնակիչներին՝ համագործակցելով ֆինանսական կառույցների հետ՝ արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու համար։Ինչպես նաև կաջակցի բնակիչներին՝ փողոցի բարեկարգման և լուսավորման աշխատանքներում։

«Այս պահին ունենք արձագանքներ։ Կա արձագանք իրավաբանական ընկերության կողմից, որ պատրաստ է միանալ ծրագրին՝ բնակիչներին օգտակար լինելու համար իր վրա վերցնելով իրավաբանական և խորհրդատվական բեռը։

Հնարավոր է, որ ընտանեկան բիզնեսի շրջանակներում մարդիկ հարկային բեռ չեն ունենա, և որոշակի արտոնություններ կլինեն։ Մեզ դիմել են նաև  ինտերնետ- մարկետինգային ընկերությունից՝ տնտեսվարողներին մարկետինգային պարզագույն հմտություններ մատուցելու համար։ Փորձելու ենք համագործակցել տուրիզմի զարգացման կոմիտեի հետ»:

Արամ Դանիելյանը նշում է, որ ծրագիրը իրագործելու համար պետք է բնակիչների կամքը և շահագրգռվածությունը՝ իրենց բնակարանները որպես հյուրատուն աշխատեցնելու համար։ Վարչական շրջանի կողմից կընտրվեն այն թաղամասերը, որտեղ տրասպորտային երթևեկությունն ակտիվ է։ Նա ընդգծում է, որ ծրագրի առավելությունը այն է, որ սեփականատերը կարող է ապրել հյուրի հետ, ինչը կարող է բացառել շատ խնդիրներ։

Դանիելյանը նշում է՝ ընտրված թաղամասերի հարակից տարածքներում կզարգանան ռեստորանները, խանութներն ու սպասարկման ծառայությունները՝ հյուրերի համար հարմարավետ միջավայր ապահովելով։ Բիզնեսի հետ կապված բոլոր հարցերում վարչական շրջանը կառուցողական ու բաց է լինելու, նշում է վարչական շրջանի ղեկավարն ու հավելում՝ օրինական բիզնեսի շրջանակում որևէ քաղաքացու չեն խոչընդոտելու։

«Պետք է առավելագույնը արվի՝ Արաբկիրում տնտեսական ակտիվությունն ու աշխուժությունը ավելացնելու համար։ Սա ընդհանուր ծրագրի մի բաղադրիչն է, որը եթե հաջողված պրոեկտ լինիմ իր հետևից նոր պրոեկտներ է բերելու»։

Դանիելյանը նշեց, որ նախատեսվում է սեպտեմբերի 10-ից 15-ը հանդիպումներ ունենալ բոլոր շահագրգիռ կողմերի և աջակցության պատրաստակամություն հայտնած ընկերությունների հետ։ Նախատեսվում է ձևավորել ճանապարհային քարտեզ մշակող թիմ, որը կհամակարգի նախագիծը և կօգնի բնակիչներին՝ ծրագիրը կյանքի կոչելու։