Աբովյանի «Առյուծները»` ՀՀ չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց գոլբոլի Հայաստանի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեցին կույր կամ տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամներից կազմված 6 թիմեր:
Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Աբովյանի «Առյուծներ» թիմը, որը ներկայացնում է «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպությունը: Եզրափակիչում աբովյանցի մարզիկները 12:8 հաշվով հաղթեցին Երեւանի «Նիկային»: Գոլբոլի Հայաստանի անդրանիկ չեմպիոնը հանդես եկավ այսպիսի կազմով. Ռուդոլֆ Զաբրոդին, Զալիբեկ Ավետիսյան, Տարոն Հովակիմյան եւ Հմայակ Սարգսյան:
3-րդ տեղի համար խաղում Էջմիածնի «Կայծակը» 17:10 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Արծիվներին»: Առաջնության կազմակերպիչներն անցկացրին նաեւ սփոփիչ հանդիպում խմբերում վերջին տեղերը գրաված Գյումրիի «Շիրակի» եւ Ստեփանակերտի «Փոթորիկի» միջեւ: Այն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հաղթանակով' 15:7: Առաջնության մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխան մեդալներով եւ պատվոգրերով:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակիցը տեղեկացավ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանից, 2010 թվականի գոլբոլի հանրապետական առաջնությունը կանցկացվի մի քանի փուլերով: «Մենք մտադրվել ենք 2010 թ առաջնությունում ընդգրկել ավելի շատ թիմերի, հատկապես մարզերից: Այդ նպատակով ամռանը կանցկացնենք ընտրական մրցաշարեր, որոնց հաղթողներն արդեն կպայքարեն չեմպիոնի կոչման համար»: Սամվել Ռոստոմյանը նաեւ ասաց, որ գալիք տարվա փետրվարի 1-ից Ծաղկաձորում մարզումներ կանցկացնեն հաշմանդամ լեռնադահուկորդները:
Մեր այն հարցին, արդյոք ֆեդերացիան պատրաստվում է տարբեր մարզաձեւերում թիմեր ներկայացնել միջազգային մրցաշարերում, Սամվել Ռոստոմյանը պատասխանեց. «Մենք չենք ցանկանում վերածվել տուրիստական գործակալության եւ միջազգային մրցաշարերին մասնակցել լոկ մասնակցելու համար: Մեր մարզիկները դեռ պատրաստ չեն նման բարձր մակարդակի մրցումներին: Երբ զգանք, որ նրանք կարող են պայքարել բարձր տեղերի համար, այն ժամանակ էլ կմտածենք միջազգային մրցաշարերին մասնակցելու մասին»: