Բացել լրահոսը Փակել լրահոսը
14725630_1194056230674898_2975856300457791721_n
A A
Քաղաքականություն

Փաշինյանը Արցախում շատ ավելի մեծ հեղինակություն ունի, քան Արցախի ողջ իշխող էլիտան միասին վերցրած․ Տիգրան Գրիգորյան

«Ա1+»-ը զրուցել է Արցախի Հանրապետության «Ազգային Վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանի հետ։

 - Պարոն Գրիգորյան, դուք հաշվարկներ ունեք, թե երեկ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, որտեղ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  որքա՞ն մարդ կար։  Հայաստանում տարբեր գնահատականներ են հնչում։

-Իմ հաշվարկներով, մոտ 15 հազար մարդ կար հրապարակում: 1500-ից 2000-ը Սամվել Բաբայանի կողմնակիցներն էին, մի քանի հարյուր մարդ Արայիկ Հարությունյանն էր բերել, մյուսներն ինքնակամ էին եկել:

- Ճի՞շտ է, որ հրապարակում սուլոցներ են հնչել եւ ո՞ւմ ելույթի ժամանակ։

-Բակո Սահակյանի ողջ ելույթի ժամանակ հարյուրավոր մարդիկ սուլում էին նրան, վանկարկում էին «Բակո, հեռացիր»: Սահակյանը մի կերպ կարողացավ ավարտել իր ելույթը:

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելութը։

- Կարծում եմ` լավ ելույթ էր: Մի շարք կարևոր ուղերձներ հնչեցին: Սակայն էլ ավելի կարևոր էր այն, թե ինչպես արցախյան հասարակությունն ընդունեց Փաշինյանին: Բազմաթիվ քարոզչական միֆեր պայթեցին:Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը Արցախում շատ ավելի մեծ հեղինակություն ունի, քան Արցախի ողջ իշխող էլիտան միասին վերցրած: Դա երևի անակնկալ էր նաև Փաշինյանի համար: Այդ փաստի գիտակցումը կօգնի նրան ավելի համարձակ գործել Արցախի հետ կապված հարցերում:

-Պարոն Գրիգորյան, իր ելույթում պարոն Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, որովհետև արժեքների հաստատումը, ամրագրումը, մարսումը տևական քաղաքական պրոցես է, որը շարունակվում է և դեռ պիտի շարունակվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Հեղափոխությունը հասե՞լ է Արցախի Հանրապետություն։

-Արցախում մեկ տարի է արդեն նախահեղափոխական վիճակ է: Տեղի է ունեցել ժողովրդավարական բացում և հաջորդ տրամաբանական զարգացումը պետք է ժողովրդավարական անցումը լինի: Անցումը սակայն անխուսափելի գործընթաց չէ, և արցախյան հասարակությունը լուրջ ջանքեր պետք է գործադրի այդ նպատակին հասնելու համար:

-Պարոն Գրիգորյան, կիսո՞ւմ եք վարչապետ Փաշինյանի այն տեսակետը, որ Արցախը Հայաստան է և վերջ։

--Արցախը, անշուշտ, Հայաստան է: Ես միշտ նշում եմ, որ չնայած մենք ունենք տարբեր քաղաքական համակարգեր, բայց մենք գտնվում ենք միևնույն քաղաքական տարածության մեջ:Ինչպես նաև տնտեսական ու ռազմական: Մոտակա տարիներին պետք է էլ ավելի խորացնել դե ֆակտո ինտեգրացիան և նախադրյալներ ստեղծել արդեն դե յուրե միավորումը կյանքի կոչելու համար:

-Պարոն Գրիգորյան, եւ վերջում, ի՞նչ տրամադրություն է Արցախում, Համահայկական խաղերի մեկնարկից առաջ։

Արցախում մեծ ոգևորությամբ են սպասում համահայկական խաղերի մեկնարկին: