Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Դավիթ Գրիգորյանին չպաշտպանող փաստաբանները հեռացվում են մասնագիտական խմբերից (տեսանյութ)

Երկու օր առաջ փաստաբան Գևորգ Դավթյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ նշելով, որ իրեն հեռացրել են Attorney At Law փաստաբանների ֆեյսբուքյան փակ խմբից։

«Ա1+»-ի հետ զրույցում Գևորգ Դավթյանը պատմեց, որ այդ խմբում փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել էր, որ իրենք որոշ փաստաբաններով պատրաստ են ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, քանի որ իրենք ենթադրում են, որ տեղի ունեցածը հետապնդում է, և դա մահախոսական է դատական համակարգի համար։ Նշվում էր, որ կոչը բաց է միանալու համար։ Բացի դա՝ Գևորգ Դավթյանի խոսքով՝ գրառման մեջ նշվել էր նաև, որ եթե իրենք տեսնում են դա, պարտավոր են միանալ։

Փաստաբանը համարում է, որ այստեղ պարտադրանքի տարր կար։

Գևորգ Դավթյանը նշեց, որ այդ ամենի վերաբերյալ ինքն ունի հակառակ կարծիք, բայց ոչ քաղաքական։ Չի ցանկանում միանալ, քանի որ համարում է, որ այնտեղ որոշակի ապակողմնորոշող մտքեր կան։ Դավթյանը կարծում է, որ առանց տեղեկանալու գործի մանրամասներին՝ տեղին չէ նման կոչով հանդես գալ, և իր կարծիքով՝ այդտեղ կա մասնագիտական շեղվածություն։

Այնուհետև, երբ փաստաբանն իր հայտարարության մեջ նշել է, որ եթե իր գրածի հետ համակարծիք մարդիկ կան, նույնպես արձագանքեն։ Նրա գրառումը հավանել էր մոտ 15 փաստաբան, որից հետո Դավթյանը չի կարողացել մուտք գործել այդ էջ, քանի որ իրեն այդ խմբից հեռացրել են՝ առանց բացատրության։ Նա այդ մասին  հրապարակային գրառում է արել և պահանջել է պարզաբանում, սակայն նրան որևէ պարզաբանում չի տրվել։ Մինչդեռ միջնորդավորված հայտարարվել է, որ Գևորգ Դավթյանի հրապարակումը քաղաքական է եղել։

Գևորգ Դավթյանի դեպքից հետո բազմաթիվ փաստաբաններ արձագանքեցին, որ այդ դեպքը միակը չի, պարզապես նրանք չեն բարձրաձայնել, իսկ իր գրառումից հետո մյուսները նույնպես խոսեցին այդ մասին։

Փաստաբան Լուսինե Հակոբյանը և իր ամուսինը՝ Տիգրան Եգորյանը, այդ խմբից ավելի վաղուց են հեռացվել, բայց այդ մասին չէին բարձրաձայնել։ Բայց երբ պարզեցին, որ իրենք միակը չեն, որոշեցին այդ մասին բարձրաձայնել։

Լուսինե Հակոբյանի խոսքով՝ չի կարող ավելի կոնկրետ նշել, թե ինչից հետո են իրենք հեռացվել, բայց իր կարծիքով՝ իրեն և ամուսնուն հեռացրել են իրենց հայացքների ու գաղափարների համար։

Այն բացատրությունը, որ Գևորգ Դավթյանին հեռացրել են, քանի որ ինքը քաղաքական գրառում էր կատարել, Լուսինե Հակոբյանի խոսքով՝  առավել ծիծաղելի է դարձնում այս իրավիճակը,  հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված հաստատուն  այն դիրքորոշումը, որ քաղաքական  խոսքը ամենապաշտպանվածն է։

Լուսինե Հակոբյանը նշեց, որ նաև զարմանք է հարուցում այն լեքսիկոնը , որով այդ խմբում ոմանք արձագանքում են իրենցից տարբերվող կարծիքներին։

Խնդրի վերաբերյալ «Ա1+»-ը մեկնաբանություն խնդրեց նաև փաստաբան Երվանդ Վարոսյանից։ Վերջինս չցանկացավ մեկնաբանել՝ ասելով, որ Գևորգ Դավթյանի հեռացման խնդիրը այնքան անկարևոր է, որ դրա շուրջ մեկնաբանություն տալ չարժե։