Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131157
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման համար առայժմ կա զրո դրամ (տեսանյութ)

Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ քառասուն օպերա է գրվել և այնպիսի հանճարեղ կոմպոզիտորներ են անդրադարձել, ինչպես Վիվալդին, Հենդելը, Գլյուկը։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոսքով, ամոթալի է այն փաստը, որ այս օպերաներից որևէ մեկն անգամ չի բեմադրվել Տիգրան Մեծի հայրենիք Հայաստանում։

Գագիկ Մանասյանը որոշել է «ուղղել» իրադրությունը, հանդես գալ որպես պրոդյուսեր և նախաձեռնում է բեմադրել Յոհան Ադոլֆ Հասեյի «Տիգրան Մեծ» օպերան։

Նա վստահ է, որ արքայի մասին, ով ստեղծեց Հայոց ամենահզոր պետությունը, օպերայի բեմադրությունը կարող է հայերին խորհելու առիթ տալ, թե ինչպես և ինչու կորցրին ծովից ծով Հայաստանը, վերագնահատելու անցյալն ու ներկան։

Որպես գլխավոր դիրիժոր հանդես կգա աշխարհահռչակ Ջորջ Փեհլիվանյանը, իսկ բեմադրիչը՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանը։

«Ինձ համար նման օպերա ղեկավարելը մեծ հաճույք պետք է ըլլա,- ասում է Ջորջ Փեհլիվանյանը,- առավել մանրամասները հայտնել չեմ կարող, քանի որ աշխատանքներն ու երաժիշտների ընտրությունը նոր պետք է ըլլա»։

Օպերան բեմադրելու հիմնական դժվարություններից պրոդյուսերը ընդգծում է երաժշտական դրդապատճառը։ «Այս քառասուն օպերաներից մեծ մասը գրված են «բարոկկո» ոճով, որն ունի ինքնատիպ գործիքակազմ։ Պետք են գործիքներ, երաժիշտ-կատարողներ, որոնց միգուցե կարիք լինի վերապատրաստել, գործիքներին տիրապետելու,- ասում է ֆիլհարմոնիայի տնօրենը և հավելում,- «Տիգրան Մեծ» օպերան կարող է հիմք դառնալ ֆիլհարմոնիայի կազմում «Բարոկկո նվագախումբ» ստեղծելու համար։

Երբ երազանքն իրականություն դառնա «Տիգրան Մեծը» կներկայացվի նախ Գառնիի տաճարում, այնուհետ Արցախի Տիգրանակերտ ամրոցում։ Նաև ֆիլմ-օպերա կնակարահանվի։

Սակայն, այս ամենն առայժմ կազմավորման փուլում է և պրոդյուսերի խոսքով, երազանքը իրագործելու համար առայժմ ունեն զրո դրամ։

«»Ա1+»-ի հարցին, թե ֆինանսավորման ինչ աղբյուրների ակնկալիք ունեն, բեմադրիչ Գեորգի Իսահակյանը պատասխանեց, որ կարևորը միտքն է, գաղափարը։ Ֆինանսական խնդիրը միշտ էլ կարելի է հաղթահարել, եթե կա գաղափար։