Ռոբերտ Քոչարյանը կլինի ասելիք ունեցող ընդդիմություն. նախկին պատգամավոր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պատմության մեջ, խորհրդային տարիներից սկսած, դատարանների վրա այսքան ճնշումներ չեն եղել, այսքան խախտումներով դատավարություններ չեն եղել։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Նրա կարծիքով՝ դա հետագայում խորը ազդեցություն է թողնելու Հայաստանում դատական համակարգի կայացման վրա։
Նախկին պատգամավորի կարծիքով՝ ԱԺ-ն լրիվ կառավարելի է դարձել և չի արտահայտում հասարակության տրամադրությունները և շահերը․
«Իշխանության հաջորդ քայլն է դատարանները լրիվ կառավարելի դարձնել, իշխանության ցուցումով աշխատող, ում ուզեն՝ դատեն կամ ազատ արձակեն։ Վստահ եմ՝ եթե դատարանների հարցը հաջողվի լուծել այնպես, ինչպես ցանկանում է իշխանությունը, հաջորդ քայլը լինելու է մամուլը դարձնել լրիվ կառավարելի»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նա նշեց, որ այն սպասված էր շատերի կողմից, նրա՝ քաղաքականություն վերադարձը ցանկալի է շատերի համար, քանի որ այսօր իրական ընդդիմություն գոյություն չունի։
«Այսօր ԱԺ-ում չկա իրական ընդդիմություն, ինչը ժողովրդին օդի և ջրի նման անհրաժեշտ է։ Ընդդիմության ձևավորման փուլում Ռոբերտ Քոչարյանը կունենա մեծ դերակատարություն, և կլինի ասելիք ունեցող ընդդիմություն»,- ասաց նա։
ՀՅԴ ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանն էլ համոզված է՝ դատական իշխանությունները չեն կարող իրականացնել դատաիրավական համակարգի արդյունավետ բարեփոխումներ, քանի որ չունեն հայեցակարգ և առաջնորդվում են պահի տակ ընդունած որոշումներով։
«Ակնհայտ է, որ Հայստանում գործադիր և օրենսդիր իշխանությունը լծվել է դատական իշխանության նվաճման և յուրացման գործընթացին։ ՀՀ-ում արդյունավետ պետական իշխանություն չի կարող լինել հատկապես այն պատճառով, որ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները միմյանցից անկախ չեն, ընդ որում՝ դատական իշխանության հանդեպ ճնշումները աննախադեպ չափերի են հասել»,- ասաց նա։