Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դատարանը մասնակիորեն բավարարել է News.am-ի հայցն ընդդեմ 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել է News.am-ի հայցն ընդդեմ 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի։

«Ա1+»-ի հետ զրույցում Սոնա Հարությունյանն ասաց, որ դատարանը News.am-ի հայցը բավարարել  է այն հիմքով, որ ինքն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելիս չի նշել տեղեկատվության աղբյուրը և բացի դա՝ որևէ գործողություն չի ձեռնարկել՝ ճշտելու այդ փաստերի իսկությունը։ Սոնա Հարությունյանի խոսքով՝ այդ ամենից պետք է եզրակացնել, որ իր գրառումը պետք է հետաքննական հոդված լիներ։

Հիշեցնենք, որ Սոնա Հարությունյանը 2018 թվականի  օգոստոսի 30-ին ֆեյսբուքում կատարել էր գրառում, որում ակնարկ էր կատարել, որ Քոչարյանը գնել է News.am կայքը, ինչն էլ հայցի առարկա էր դարձել։

Լրագրողը դատարանի որոշումը աբսուրդային է համարում, որովհետև նրա խոսքով՝ որևէ լուրջ հիմնավորում այդ որոշման մեջ չկա։ Ամբողջ դատաքննության ընթացքում ինքն ու իր փաստաբանը դատարանին փորձում էին բացատրել, որ ֆեյսբուքյան գրառումը հոդված չէ, որին պետք է վերաբերվել նույն բծախնդրությամբ, ինչպես լրագրողական հոդվածին։

Սակայն դատարանը գտել է, որ ինքը վերլուծություն է կատարել այն փաստերի շուրջ, որոնց վերաբերյալ որևէ ստույգ տեղեկություն չի ունեցել։

Սոնա Հարությունյանն այս մասով այն մտավախությունն ունի, որ սա կարող է վատ նախադեպ լինել խոսքի ազատության սահմանափակման իմաստով, և ինքը չի կարծում, որ որևէ մեկը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելիս նշում է տեղեկատվության աղբյուր, կամ ակտիվ հղում դնում։ Դա անում են լրագրողներն իրենց առօրյա աշխատանքում։

Այս որոշումը Սոնա Հարությունյանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում։

Ի դեպ, դատարանը մեկ շաբաթ ժամանակ է տրամադրել լրագրողին, որպեսզի նա մեկ շաբաթվա մեջ հերքում գրի իր ֆեյսբուքյան էջում և եթե  հերքումը չգրի, ապա դա կարվի դատական ակտերի հարկադիր ծառայության միջոցով։

«Ես  մի քիչ չեմ պատկեացնում, թե ԴԱՀԿ-ն ինձ ինչպես կարող է ստիպել, որ ես իմ ֆեյսբուքյան էջում հերքում գրեմ։ Ես չեմ պատրաստվում մեկշաբաթյա ժամկետում որեւէ հերքում տպագրել իմ ֆեյսբուքյան էջում։ Եվ կարծես թե նման նախադեպ չկա էլ։Եվ նշեմ, որ ինձ համար ընդհանրապես զարմանալի չէր այս որոշումը։ Գործում շոշափվում էր Ռոբերտ Քոչարյանի անունը, և այս քաոսային վիճակում, որ ներկայումս տիրում է Հայաստանի դատական համակարգում, ես այդքան վստահ չէի, որ կարող էր այլ որոշում լինել»,- ասաց Սոնա Հարությունյանը։

Դատարանի կայացրած որոշման վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։ Նա նշեց, որ իրենք ուշի-ուշով հետևում են այս գործին և դատարանի այս որոշումն իրենց մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում և կարծում է, որ այս որոշումն իմաստ ունի բողոքարկելու այն պատճառով, որ այն այս ձևակերպումներով իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ՝ խոսքի ազատության առումով։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ըստ էության, Սոնա Հարությունյանը, հիմնվելով բազմաթիվ հրապարակումների վրա, ֆեյսբուքյան ստատուս է գրել և ինքը չի պնդել, որ հենց Քոչարյանին է  պատկանում այդ լրատվամիջոցը, և նախքան այս ստատուսը բազմաթիվ հրապարակումներ են եղել։ 

Մանրամասները՝ տեսանյութում