Հարեւան երկրում ասուլիս հրավիրելը ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Կառավարության շենքի դիմաց հրատապ ասուլիս էր հրավիրել` կապված «Սանիտեք» ընկերության` Թբիլիսիում ասուլիս հրավիրելու հետ: Ավագանու անդամը սա վտանգավոր է որակում ու նշում, որ «Սանիտեքի» այս քայլը կարող վնասել Երևանին։
«Այն կարող է հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները, որովհետև խոսքն այն կազմակերպության մասին է, որը օտարերկրյա ներդրող է, և նրա կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս հրավիրելը ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա։ Կոչ եմ անում«Սանիտեք»-ի ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից, որովհետև դրանով վատ նախադեպ է դրվելու ոչ միայն մասնավոր ընկերության եւ համայնքի կամ պետության համագործակցության հարցում, այլև մյուս ներդրողների»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։
Ավագանու անդամն առաջարկում է «Սանիտեք»-ին Երևանում ասուլիս տալ և պատասխանել թե՛ ԶԼՄ-ների, թե՛ երևանցիների հարցերին։
«Թբիլիսիում ասուլիս անցկացնելը այնքան էլ չի համապատասխանում մի ընկերության, որն ունի ֆինանսական խնդիրներ, առնվազն այդ գումարով կարելի էր մի քանի աղբաման ավել գնել և սեփական գրասենյակում ասուլիս անցկացնել»,- նկատեց ավագանու անդամը։
Դավիթ Խաժակյանը նշեց, որ «Սանիտեք»-ը այսքան ժամանակ իր խնդիրները բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել։
«Այն խնդիրը, որը լոկալ բնույթի է, չի կարող հարևան պետության, այն էլ՝ այսպիսի բարդ քաղաքական իրադրության մեջ քննարկման առարկա դառնալ, էլ չեմ ասում, որ դա լավ առիթ է ոչ բարեկամ պետությունների համար մատնանշելու, թե մենք չենք կարողանում մեր խնդիրները մեզ մոտ կարգավորել»- ասաց նա։
Նշենք, որ հուլիսի 29-ին armradio.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա Թբիլիսիում: Ընկերությունից չէին մանրամասնել, թե ինչու են ասուլիսը Թբիլիսիում անցկացնում, միայն նշել են, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ: