Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նախարարն այցելել է տուժած փրկարարներին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն հայտնեց հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրեց, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները: 

ԱԻ նախարարը հանձնարարեց աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:

Տեղեկացրել ենք, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը և վնասվածքներ են ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելեց բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, ով մանրամասն ներկայացրեց կատարվածը: 

Նախարարը սրտապնդեց Ահարոնին, ասաց, որ նա Աստծո նախախնամությամբ է փրկվել, ուրեմն նրա կյանքում այսուհետ ամեն ինչ լավ է լինելու: 

Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատում էին, նախարարը հանդիպեց Սիմոնի հարազատներին և հուսադրեց, որ զինվեն լավատեսությամբ և հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ: 

Նա տեղեկացրեց, որ խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստացել է հավաստիացում, որ հիվանդի վիճակը բավարար է, իսկ անհրաժեշտության դեպքում Սիմոնին ուղղաթիռով կտեղափոխեն Երևան՝ հետագա մասնագիտական բուժման: