Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131134
A A
Հասարակություն

Ինչպե՞ս կապ չտեսնեմ. Վիկտոր Սողոմոնյանը՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ուղիղ կապ է տեսնում այն բանում, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նա մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել է՝ ազատ արձակելով նրան:

«Իհարկե կապ կա։ Մեր պաշտպանական թիմը դիմում է գրավի միջնորդությամբ, հաջորդ օրը գալիս են, Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկում են։ Վերաբացում են մի գործ, որը կասեցված է եղել։ Հիմա ինչպե՞ս կապը չտեսնեմ»,- ասում է նա:

Վիկտոր Սողոմոնյանը վերհիշեց, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց՝ հաշվի առնելով նաև Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունները։

«Ինչ-որ Արմեն Դանիելյան, պարզ է՝ ում հրահանգով, ասում է՝ ես թքած ունեմ, թե դուք ինչ եք այդտեղ ասում։ Այս իրավիճակում ենք մենք հայտնվել։ Սա աննախադեպ բան է, սա խարան է մեր պետության համար, այդ թվում այն, ինչ հիմա կատարվում է Դավիթ Գրիգորյանի հետ։ Թե ե՞րբ այս խարանը մենք կհաղթահարենք, ես չգիտեմ, բայց սա ուղիղ կապակցված է։ Դատավորների վեթթինգը որոշվեց անել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց։ Ե՞րբ որոշեցին Սահմանադրական դատարանը փոխել, երբ որ գործը գնաց ՍԴ։ Լավ, էլ ինչ անեն այս մարդիկ, որ ապացուցեն, որ այս ամբողջը Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ է պտտվում»,- նկատում է նա։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավորապես կասեցրել է Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: