Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին միավորը

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011 թվականի առաջնությոն ընտրական հերթական խաղում' սեփական հարկի տակ, ոչ-ոքի խաղաց Էստոնիայի թիմի հետ:

Խաղի հաշիվը 23-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց մեր ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ խաղակեսում նրա հարվածից հետո գնդակը եւս մեկ անգամ հայտնվեց մրցակցի դարպասում, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը մինչ այդ խաղից դուրս վիճակ էր արձանագրել:

Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարակշռությունը' 1:1: Այդպիսով, մեր երիտասարդականը վերջին պահին ձեռքից բաց թողեց հաղթանակը եւ վաստակեց ընդամենը մեկ միավոր. ի դեպ, առաջինը մրցաշարում, քանի որ մինչ այդ նրանք պարտվել էին բոլոր 4 հանդիպումներում:

Նույն օրը կայացած մեր խմբի մյուս հանդիպումներում Վրաստանի երիտասարդականն ոչ-ոքի խաղաց Իռլանդիայի թիմի հետ' 1:1, իսկ Շվեյցարիայի հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Թուրքիայի ընտրանուն' 3:1:

Նշենք, որ մեր ֆուտբոլիստները հաջորդ տուրում, սեփական հարկի տակ, ուժերը կչափեն իռլանդացիների հետ, որոնք նույնպես հաղթանակ չեն տոնել մրցաշարում: Խաղը կկայանա վաղը, նոյեմբերի 17-ին:

Ընտրական 2-րդ խումբ

Մրցաշարային աղյուսակ

Խ Մ

1. Շվեյցարիա 6 13

2. Թուրքիա 5 9

3. Էստոնիա 5 8

4. Վրաստան 4 5

5. Իռլանդիա 5 4

6. Հայաստան 5 1