Բացել լրահոսը Փակել լրահոսը
sevan
A A
Հասարակություն

Սևանի ջրի ինքնամաքրվելը չի նշանակում, որ խնդիրը լուծվել է. բնապահպան

Սևանի ջուրը հիմա ինքնամաքրման գործընթացի մեջ է, բայց դա չի նշանակում, որ Սևանի հարցը լուծվել է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Խնդիրը ջրի էկոլոգիայի վերականգնումն է,  ջերմաստիճանի ցածրացումը։ Եթե ջրի մակարդակը բարձրանա, ապա մենք կունենանք բավականին որակով ջուր, և դրա հետ միասին՝ մեծ քանակությամբ ձկան պաշարներ, սակայն այդ հարցը բաց է մնացել։ Նաև խնդիր են Սևան լցվող կեղտաջրերը ։ Չնայած Շրջակա միջավայրի նախարարն ասաց, որ տեղադրվելու են մաքրման կայաններ, միևնույն է, սա խնդիրը չի լուծում, քանի որ շատ տեղերից են կեղտաջրերը լցվում Սևան»,- ասաց բնապահպանը։

Սիլվա Ադամյանի խոսքով՝  պետք է մաքրման կայանները տեղադրվեն գետաբերաններում։ Օրենքի ուժով պետք է պարտադրել, որ տեղադրեն մաքրման կայանները, որպեսզի այլևս ոչ մի կաթիլ կեղտաջուր չլցվի Սևան։

«Այս պահին այդպիսի  օրենք չունենք, փորձում ենք գործարարներին համոզելով, խնդրելով, որ խնդիր կա, և պետք է մաքրման կայաններ տեղադրվեն»,- նշեց նա։

Անդրադառնալով Արարատի մարզում արագիլների  թևերը յուղոտ շերտով պատվելու մասին՝ Սիլվա Ադամյանն ընդգծեց, որ խնդրի մասին առաջին ահազանգ ստացողը իրենք են եղել։

«Եթե մենք ահազանգից հետո չգնայինք ու տեղում չնկարահանեինք իրավիճակը, այս խնդրին ոչ մեկ ծանոթ չէր լինի, որովհետև մեզ զանգահարած քաղաքացին մինչ մեզ զանգահարել էր Շրջակա միջավայրի նախարարություն, Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմին, սակայն այնտեղից պատասխանել էին, որ իրենց գործը չի՝  փորձեք զանգել 9-11, քաղաքացին զանգել էր, այնտեղից էլ տվել էին իմ համարը»,- ասաց նա։

Տիկին Ադամյանն ասաց, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ջրանցքները աղտոտված են յուղով։

«Թռչունները կերակրվում են այդ ջրանցքներից, ու ամբողջ փետուրները յուղոտվում են։ Այս յուղը ցեխաջրի հետ միասին ստեղծում է այնպիսի զանգված, որը թույլ չի տալիս թռչունին թռչել, նույնիսկ յուղոտվել են  ձագուկները»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։

Նա հավելեց, որ  տեղի բնակիչներից զանգեր են ստացել, որոնք նշել են, որ վիճակը չի բարելավվել։ Արագիլների թևերը պետք է մասնագետները  հատուկ միջոցներով մաքրեն, բայց անգամ, եթե մաքրեն,  խնդիրը կրկին ի հայտ է գալու, որովհետև  առաջնային պետք է ջրանցքները մաքրել։