Բացել լրահոսը Փակել լրահոսը
53415065_563824840796874_2307898456007507968_n.thumb
A A
Հասարակություն

«Գորիս ԲԿ»-ի տնօրենի մրցույթին «Իմ քայլի» պատգամավորները չեն միջամտում․ Նարեկ Զեյնալյան

Երեկ ուշ գիշերվանից «Ա1+»-ի խմբագրություն են զանգում անանուն քաղաքացիներ և տեղեկացնում այն մասին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը և Արմեն Խաչատրյանը միջամտում են «Գորիս ԲԿ»-ի տնօրենի այսօրվա կայանալիք մրցույթին` թեկնածուներից մեկի՝ Սլավիկ Ամիրյանի օգտին։ Նշենք, որ նա նախկինում եղել է ԲԿ-ի տնօրենը։

Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ։

«Բնականաբար՝ սուտ տեղեկություն է, մենք եկել ենք Գորիս, որպեսզի ներկա լինենք մրցույթին, որ ամեն ինչ անցնի՝ լրիվ օրենքի սահմաններում, միջամտության հարց չկա բացարձակ։ Եվ անցնի այն արժանի թեկնածուն, որը կհավաքի առավելագույն միավորներ՝ անկախ նրանից, թե ով կլինի։ Ես՝ որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ և պարոն Խաչատրյանը՝ որպես այստեղից ընտրված պատգամավոր, եկել ենք, որ ներկա գտնվենք մրցույթին, որ ամեն ինչ հարթ անցնի»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։

Վերջինս նշեց, որ իր համար միևնույնն է, թե ով կանցնի, մրցույթին մասնակցելու համար առաջադրվել է չորս թեկնածու ու մինչ մրցույթը չորսի հետ էլ հանդիպել զրուցել է, բայց ոչ մեկին նախապես չի ճանաչել։

Պատգամավորի խոսքով՝ մյուս մարզերում որտեղ էլ լինի ԲԿ-ի տնօրենի մրցույթ, ինքը տեղի պատգամավորի հետ գնալու է և մասնակցի, որպեսզի հանկարծ տեղի բնակչության մոտ որևէ խոսակցություններ կամ նմանատիպ զանգեր չլինեն։ Ի հավելումն՝ նա նշեց, որ օրենքը պատգամավորին չի արգելում ներկա գտնվել նմանատիպ մրցույթներին։