Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քրիստիան Գելիջին վերջապես եկել, ժողով է արել. SASSTEXS-ում օրը լարված էր

Գյումրիում գտնվող SASSTEXS կարի արտադրամասն այսօր կրկին մարդաշատ էր: Տեղում էին գրեթե բոլոր աշխատակիցները: Օրը, սակայն աշխատանքային չէր: Գյումրի էր այցելել գործարանի սեփականատեր Քրիստիան Գելիջին: Եկել, հանձնարարել էր, որ բացակաները ներկայանան, քանի որ ժողով է անելու:

Այդ բացակաները ոչ թե չէին ցանկացել այսօր ներկայանալ աշխատանքի, այլ արդեն 1 ամսից ավել է, գործարանի ղեկավարումն իրականացնողների կողմից  հարկադիր պարապուրդի են մատնված: Նրանք անցնող ամիսներին մշտապես բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, ազատ հաղորդակցվել լրագրողների հետ: Այսօր արդեն վերաբերմունքն այլ էր: Որեւէ մեկը ցանկություն չուներ լրագրողների հարցերին պատասխանելու, առավելեւս ժողովի մասին պատմելու: Նրանց ակնարկներից միայն հասկանալի էր, որ ներսում այդպիսի հրահանգ են ստացել:

Ժամեր ձգվող ժողովից այդպես էլ հասկանալի չեղավ, արդյո՞ք հարթվեցին խնդիրները, արդյո՞ք  աշխատակիցները կստանան հարկադիր պարապուրդի իրենց գումարն ու կկարողանան շարունակել աշխատանքը՝ ակնկալելով նվազագույն՝ 55.000 դրամ աշխատավարձ:

SASSTEXS-ի սեփականատեր Քրիստիան Գելիջիի փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեց շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանը, քանի որ ըստ նրա, Գելիջին շատ է զբաղված եւ ժամանակ չունի այս պահին խոսելու:

Ըստ Տասչյանի, աշխատակիցներն ու տնօրենը եկել են ընդհանուր համաձայնության, որ նոր պայմաններով աշխատեն, իսկ ով համաձայն չի լինի, կարող է չաշխատել:  Այդ նոր պայմանները, սակայն, չմանրամասնեց շինարարության պատասխանատուն: Դրանց մասին չխոսեցին նաեւ արտադրամասից արագ-արագ հեռացող բանվորները:

Նրանցից մեկը, սակայն պատմեց, որ չի ուզում այլեւս այդ պայմաններում աշխատել, եւ աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատասխանը եղել է բացասական: Ասել են` չես կարող նման բան անել, իրավունք չունես:

Ներսես Տասչյանը պարզաբանեց հարցը: Ասաց, իրենք աշխատանքային պայմանագրեր ունեն, որում հստակ գրված է. եթե մինչ աշխատանքի անցնելը 3 ամիս սովորել են ուսումնարանում, որ  կարողանան աշխատանքի անցնել իրենց մոտ, մեկ տարի պետք է աշխատեն: Այդ ժամկետից շուտ աշխատանքից ազատվելու իրավունք չունեն:

Հիմա թե ո՞վ եւ ինչպե՞ս կաշխատի պարզ չէ: Սեփականատիրոջ հետ խոսել չհաջողվեց, աշխատակիցների հետ՝ եւս: Նրանց երկխոսություններից, սակայն, ենթադրելի էր, որ աշխատանքի են գալու սեպտեմբերի 1-ին: