Տարօրինակ պայմանավորվածություն
Աջակցիր «Ա1+»-ինԱշտարակի «Միկայի» խորհրդատու մարզիչ Սամվել Դարբինյանը, որը դե ֆակտո թիմի գլխավոր մարզիչն էր (նա արտոնագիր չունենալու պատճառով չէր կարող գրանցվել որպես գլխավոր մարզիչ), գալիք մրցաշրջանից չի աշխատի թիմում:
Ակումբը չի պատրաստվում երկարաձգել նրա հետ կնքած պայմանագիրը (այն ավարտվում է առաջիկա դեկտեմբերի 1-ին):
«Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, թե ինչու ակումբի ղեկավարությունը չցանկացավ երկարաձգել պայմանագիրը, «Միկայի» քարտուղար Աշոտ Մարտիրոսյանն ասաց. «Նախնական պայմանավորվածությամբ Սամվել Դարբինյանը մրցաշրջանի ավարտից հետո պետք է թողներ այդ պաշտոնը անկախ այն բանից, «Միկան» կդառնար չեմպիոն, թե' ոչ: Ավելին, դեռ երրորդ շրջանում, «Փյունիկի» հետ խաղից առաջ, Սամվել Դարբինյանը ակումբի ղեկավարությանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ: Սակայն ակումբի ղեկավարների խնդրանքով նա մնաց թիմում եւ շարունակեց կատարել իր պարտականությունները»:
Աշոտ Մարտիրոսյանի խոսքերով Սամվել Դարբինյանը հրավեր ունի Իրանի մի քանի ակումբներից եւ հավանաբար ընդունի դրանցից որեւէ մեկը: Սակայն հարց է ծագում. եթե իրանյան ակումբները հետաքրքրվում են Սամվել Դարբինյանով, ապա ինչու «Միկայի» ղեկավարությունը չի ցանկանում թիմում պահել նման մասնագետի:
Ինչպես տեղեկացրեց «Միկայի» քարտուղարը, ակումբի ղեկավարությունը, արդեն նախնական պայմանավորվածության կա թիմի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի հետ, որը դեկտեմբերի 1-ից կրկին կվերադառնա այդ պաշտոնին:
Ակումբն արդեն նոր պայմանագրեր է կնքել թիմի իսպանացի լեգեոնականների, ինչպես նաեւ Էդնեի, Բոտի Դեմելի եւ Ֆուրսինի հետ: Իսկ ահա այն ֆուտբոլիստները, որոնց պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա վերջում, փորձաշրջան կանցնեն նորանշանակ մարզչի մոտ, որից հետո կորոշվի, թե նրանցից ովքեր են մնալու «Միկայում»: