Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այսօր Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը. Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)

Կինոռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի և «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանի համատեղ ասուլիսին այսօր ներկա էր միայն Տիգրան Պասկևիչյանը:

Արա Շիրինյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների ներկա փուլում  նպատակարհարմար չի գտնում Հանրայինի խնդիրները քննարկել։ Արայիկ Մանուկյանը կոռեկտ չի համարել առանց պարոն Շիրինյանի մասնակցել քննարկմանը,  իսկ մյուս 2 հյուրերը այլ պատճառներով չեն կարողացել մասնակցել ասուլիսին։

Տիգրան Պասկևիչյանի՝ Արա Շիրինյանի խորհրդականի պաշտոնից ազատվելու  պատճառը որևէ մեկի անձով պայմանավորված չէ, ասում է պարոն Պասկևիչյանը։

«Խնդիրն անձնական չէ, խնդիրն այն է, որ ես, ընդունելով Արա Շիրինյանի առաջարկը՝ դառնալ իր խորհրդականը, մտա և ուսումնասիրեցի այդ համակարգը և եզրակացրի, որ պետք է փոփոխությունները սկսել ամենավերևից։ Պետք է փոխել հեռուստաընկերության ղեկավար կազմը և մնացածը ձևավորել մրցույթների միջոցով»,- ասաց Տիգրան Պասկևիչյանը։

Նա ղեկավարությանը  բազմաթիվ առաջարկություններ է արել, որոնք չեն ընդունվել, պատճառն, ըստ Պասկևիչյանի, այն է, որ շահարկումներ են եղել, թե «մարդ չկա»։

«Մարդ չկա, եթե մարդուն փոխենք, ո՞վ պետք է գա, դա ոչ միայն Մարգարիտա Գրիգորյանին (հեղ. Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) էր վերաբերում, այլև Պետրոս Ղազարյանին (հեղ. Հանրային հեռուստաընկերության Լրատվակ­ան և վերլուծական հաղո­րդումների տնօրեն)։ Ես էլ ասում էի, որ պետք է  մրցույթներ հայտարարվեր»,- ընդգծեց նա։

Ինչո՞ւ հեղափոխությունից հետո էլ Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է պաշտոնավարել, Տիգրան Պասկևիչյանն առաջարկում է հարցն ուղղել Հանրայինի ղեկավարությանը կամ իշխանությանը, բայց հեղափոխությունը ենթադրում էր, որ Հանրայինում նույնպես «հեղափոխություն» կլինի։

«Ամբողջ փոփոխությունների տրամաբանությունը ենթադրում էր ազատվել այն կադրերից, որոնք տարիներ շարունակ զրկել են հանրությանը հանրային կարևոր գործիքից։ Այսօր Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը։ Հանրայինը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձեռամբ, ստեղծվել է երկճյուղ մարմին, մի ճյուղը լրատվական-քաղաքական բլոկն է, որն ուներ հստակ առաքելություն՝ ծառայել իշխանություններին, իսկ մյուս  ճյուղը, որը հեռուստաընկերության մնացած մասն է՝ կոչում ուներ զբաղեցնել և շեղել հանրությանը կարևոր  խնդիրներից»,- շեշտեց Տիգրան Պասկիչյանը։

Հարցին, թե նախկինում տեսակետ  կար, որ Հանրայինը ներկայացնում էր Սերժ Սարգսյանի Հայաստանը, այսօր Հանրայինը ներկայացնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը, Տիգրան Պասկևիչյանը պատասխանեց.

«Այսօր Հանրայինը ոչինչ չի ներկայացնում։ Հեղափոխությունից անցել է 14 ամիս, իսկ Հանրային հեռուստաընկերությունը դեռևս հեղափոխություն չի ցուցադրել, մնացածը՝ ըստ իրավիճակների, ըստ օրվա իրադարձությունների ցույց են տալիս»։

Այնուամենայնիվ, Տիգրան Պասկևիչյանը կարծում է, որ այսօր իշխանության կողմից հեռուստաընկերության նկատմամբ ճնշում չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։

«Այսօր ազատ հարթակներ են ստեղծվել,  ընդդիմության գործիչներն են գալիս, խոսում, բայց Հանրայինը միայն զրուցարան չէ, որ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները  գան, զրուցեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։