«Հատիսը» պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմը երեկ իր նորամուտը նշեց Եվրոպայի լիգայի մրցաշարում: Մեր բասկետբոլիստուհիները Աթենքում ուժերը չափեցին տեղի «Աթինաիկոսի» հետ, որը ներկայումս Հունաստանի առաջնության միանձնյա առաջատարն է:
Հանդիպման առաջին միավորը վաստակեց «Հատիսը». դիպուկ նետումով աչքի ընկավ թիմի ավագ Բոյանա Վուլիչը:
Սակայն մեր բասկետբոլիստուհիները չկարողացան զարգացնել հաջողությունը, իսկ դաշտի տերերը տիրելով նախաձեռնությանը, շատ արագ առաջ անցան հաշվի մեջ: Նրանք մինչեւ խաղի վերջին րոպեն բարձր տեմպ պահպանեցին եւ հաղթեցին 51 միավորի առավելությամբ' 105:54 (26:12, 54:25, 72:42): Մեր թիմի կազմում արդյունավետ խաղ ցուցադրեց Աննա Պոկոյովան:
Այս խմբի (F) մյուս խաղում թուրքական «Բեշիքթաշը» հյուրընկալվելիս պարտության մատնեց Վոլոգդայի «Չեւակատային»' 80:62:
«Հատիսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին, Երեւանում: Այդ օրը մեր բասկետբոլիստուհիները «Միկա» մարզադահլիճում կընդունեն «Չեւակատային»: