Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստերական ոչ-ոքի

Սպորտ

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում ռիսկի չդիմեց, եւ գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց մրցաշարի միանձնյա առաջատար Վլադիմիր Կրամնիկի հետ' արդեն 22-րդ քայլին կնքելով խաղաղ դաշն:

 Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Սվիդլեր - Կառլսեն, Անանդ - Մորոզեւիչ, Պոնոմարյով - Լեկո պարտիաները: Տուրի միակ հաղթանակը գրանցվեց Իվանչուկ - Գելֆանդ պարտիայում: Ուկրաինացի գրոսմայստերը, որը մրցաշարում հանդես է գալիս հակագրիպային դնչակալով, նախորդ տուրում պարտության էր մատնել Մորոզեւիչին, իսկ այս անգամ առավելության հասավ իսրայելցի շախմատիստի նկատմամբ եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին:

Այդպիսով, յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով շարունակում է գլխավորել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Նրանից 0,5 միավորով ետ են մնում աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Անանդն ու Իվանչուկը: Լեւոն Արոնյանը Գելֆանդի ու Կառլսենի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը' 3,5 միավոր:

8-րդ տուրում, որը կկայանա այսօր, մեր շախմատիստը սպիտակներով կխաղա Վասիլի Իվանչուկի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Արոնյանին այսօր անհրաժեշտ է միմիայն հաղթանակ: Տուրի մնացած պարտիաներն են. Կառլսեն - Պոնոմարյով, Մորոզեւիչ - Սվիդլեր, Գելֆանդ - Անանդ, Կրամնիկ - Լեկո: