Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զարեհ Սինանյանը հանդիպել է Մոսկվայի «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ

Հուլիսի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մոսկովյան այցի շրջանակներում հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Նիկոլսկայա» հյուրանոցի հանդիպումների սրահում:

Զարեհ Սինանյանին դիմավորեց և այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը: Իր խոսքում նա մասնավորապես անդրադարձավ Հայաստան-սփյուռք հարաբերություններում ճիշտ կառուցվածքային մեխանիզմի մշակման կարևորությանը և խոսեց նոր Հայաստանում արդարության վերջնական վերականգնման անհրաժեշտության մասին: Այնուհետև կազմակերպության հիմնադիրները, ներկայանալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, ներկայացրեցին ՌՀՄ ստեղծման պատմությունը, հիմնական նպատակները և կառուցվածքը, նշելով, որ ՌՀՄ-ն բաղկացած է Ռուսաստանի հայերի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միավորումից, որն իրենից ներկայացնում է ցանցային կառույց: Այն կոչված է զբաղվելու ՌԴ հայերի խնդիրներով և օտար միջավայրում հայերի վարկանիշի բարձրացմամբ: Իրենց առանձին ելույթներում հասարակական կազմակերպության անդամները հանդես եկան մի շարք հետաքրքիր առաջարկներով:

Զարեհ Սինանյանն իր ելույթում կարևորեց ՌԴ-ում ապրող հայ երիտասարդների հասարակական ակտիվ կեցվածքը և հրավիրեց նրանց սերտ համագործակցության` հատուկ նշելով, որ այդ համագործակցության ակունքում երիտասարդները կարող են շփվել այլ երկրներից Հայաստան եկած և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում ժամանակավոր, կամավորական հիմունքներով աշխատող իրենց հասակակիցների հետ:

Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձևաչափով և ավարտվեց հյուրասիրությամբ ու համատեղ նկարով: