Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 20-ը հուլիսի. Սարգսյան Սերժիկ՝ ներկա. առաջին Գերագույն խորհրդի անդամները (տեսանյութ)

1998-ի հուլիսի 18-ին մահանում է հայ գեղանկարիչ Վալերի Պոդպոմոգովը։ Մեծ է նրա դերը նաեւ հայկական մուլտիպլիկացիայի եւ կինոյի վերածնման գործում։ Հայ սկաուտները հավաքվել են Հայաստանում ։ 1998-ի այս օրը նրանք Աղավնաձորում ավարտում են համահայկական 6-րդ բանակումը։ Նրանց ոգեւորում է մշակույթի նախարարը, առանց երդման սկաուտ է դառնում նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը ։ Ակնկալվում է, որ այս պատանիներն ու աղջիկներն ամենուր լինելու են Հայաստանի հետ եւ Հայաստանի համար:

Աջափնյակի թաղապետի տեղակալ Արծրուն Խաչատրյանը 1999-ի հուլիսի 20-ին վստահեցնում է, որ կմասնակցի օգոստոսի 19-ին կայանալիք թաղապետի նոր ընտրություններին։ Հուլիսի 11-ի ընտրությունները ԿԸՀ-ն չեղյալ էր համարել եւ նշանակել նոր ընտրություններ:

1999-ի այս օրը շամպայնի բաժակների չրխկոցով իր գործունեությունն ավարտեց Ռոբերտ Քոչարյանին առնընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որը գլխավորում էր Պարույր Հայրիկյանը։ Հանձնաժողովի 28 անդամներից 8-ը, սակայն կշարունակեն աշխատել սահմանադրական փոփոխությունների փաստաթղթի վրա: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը 1999-ի այս օրը ակադեմիկոսներին ներկայացնում է Ղարաբաղի հարցի ներկա իրավիճակը։ Ակադեմիկոսները զայրացած են, որ Ադրբեջանը Զանգեզուրն էլ է համարում իրենը։ Նրանք Օսկանյանին առաջարկում են այդ երկրի արտգործնախարար Վաֆա Գուլիզադեի հետ խոսել ադրբեջաներեն, որպեսզի իր սեփական լեզվով հասկանա, թե ումն է Զանգեզուրը:  

«Գերագույն խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ներկա բացակայով նշում է ներկայությունը եւ բացակայությունը նրանց, որոնք եղել են 10 տարի առաջ ձեւավորված առաջին Գերագույն խորհրդի անդամ։ 1990 թվականի այս օրը գումարվեց Գերագույն խորհրդի 13-րդ գումարման առաջին նստաշրջանը, որն անկախ Հայաստանում հռչակվեց առաջին գումարման Գերագույն խորհրդի։    

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով կալանավորված եւ ազատ արձակված Ազգային Ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը 2000 թվականի այս օրը պատմում է, թե ինչպես Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի խորամանկ հյուրընկալությամբ իրեն ձերբակալեցին ։ Մարդը զանգել է Մուշեղ Մովսիսյանին եւ հրավիրել իր տուն։ Մովսիսյանը զարմացել է ու գնացել։ Խորհրդարանի ղեկավարի բնակարանից դուրս գալուց զարմանքը չի անցել, մեքենայի մեջ իրեն սպասող ընկերոջն ասել է՝ ոչինչ չհասկացա։  

 Հայաստանի ադամանդի «Շողակն» ձեռնարկությունը նոր սեփականատեր ունի՝ Իսրայելական ԼԼԴ դայմոնդ ընկերությունը, որի ղեկավար Լեւ Լեւինը 2000-ի այս օրն այցելել էր Ռոբերտ Քոչարյանին։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը «Շողակնի» 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքը Լեւինին համարում է շատ հաջող գործարք , մենք ռիսկի չենք դիմում, գործարանի շենքը հին է, հաստոցները մաշված են։  

Պետական եկամուտների նոր նախարար Գագիկ Պողոսյանը շշմած է՝ նույնիսկ կոմունիստների օրոք կոռուպցիան չուներ այն ծավալներն, ինչ ունի այսօրվա Հայաստանում։ Նա լուծարել է Հայաստանում գործող 43 հարկային տեսչություն, ստուգումներն արգելվել են, նախարարությունն անցել է փաստաթղթային վերահսկողության, ստվերը տարբեր տվյալներով 30-35 տոկոս է։ Նոր մեթոդներով աշխատող նախարարը ոչ մի խոշոր բիզնեսմենից չի վախենում, թեպետ արդեն թիկնապահներ ունի։   Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն ու հարազատները

2000-ի հուլիսի 20-ին փակում են Բաղրամյան պողոտան հենց Ռոբերտ Քոչարյանի քթի տակ։ Նրանք արդեն երրորդ օրն է ընդունելություն են պահանջում Քոչարյանից։ Ընդունող չկա, որպեսզի լսի միակ հարցը՝ ինչու՞ առողջ բանակ մեկնած որդիներին վերադարձրեցին մեռած։   Մի քանի օր առաջ ՀՀԿ-ին անդամակցած Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2006-ի Հուլիսի 20-ին ասում է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտպանության նախարարի պաշտոնից: «Անիմաստ է: Ինչի՞ համար պիտի հրաժարվեմ պաշտպանության նախարարի պաշտոնից: Վա՞տ եմ աշխատել... Վատ եմ աշխատել՝ հանրապետության նախագահը կորոշի»,-ասում է Սերժ Սարգսյանը:

2010-ի հուլիսի 17-ի ՀՀՇ համագումարում վարչության կազմից դուրս մնացած Կարապետ Ռուբինյանն այս օրը հայտարարում է, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի վրեժն է իր նկատմամբ ՀՀՇ-ին քննադատելու համար։ Նա էլեկտրոնային մի նամակով հայտարարում է, որ վարչության ընտրությունները կեղծված են եւ ինքը դուրս է գալիս ՀՀՇ-ից։   Հայաստանում գտնվող ԵԽԽՎ պատվիրակությունը տպավորված է Հայ Ազգային կոնգրես եւ իշխանական կոալիցիա երկխոսությամբ։ Պատվիրակության հետ հանդիպած Դաշնակցության սրտով չէ, եթե երկխոսության արդյունքում կողմերը համաձայնվեն խորհրդարանի արտահերթ ընտրություններին։