Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo (2)
A A
Պաշտոնական

Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարարին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի Ալ-Դուլեյմիի հետ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններից է:

Զրուցակիցներն արձանագրել են առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող առևտրաշրջանառության զգալի ծավալները:

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել՝ Հայաստան-Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորելու և  գործարար կապերը ամրապնդելու համար: Նուրի Ալ-Դուլեյմին հատկապես կարևորել է Հայաստանի ճարտարապետական և շինարարական ընկերությունների մասնակցությունը Իրաքում տեղի ունեցող շինարարական ծրագրերին:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկրների միջև զբոսաշրջության ակտիվացման կապակցությամբ և միաժամանակ նշել, որ ավիացիոն փոխադրումների հաճախականությունը վերանայման կարիք ունի:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի դինամիկ զարգացող ՏՏ ոլորտը՝ մեծ հնարավորություններ կան փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով, և մեր երկիրը պատրաստ է կիսվել էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների ներդրման իր փորձով:

Զրուցակիցները կարևորել են նաև հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը՝ հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը: