Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Վարագյան
A A
Հասարակություն

ԵՊՀ հոգաբարձուների վաղվա նիստ հրավիրելն ապօրինի է. Վահագն Վարագյան (տեսանյութ)

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով։

Նա անդրադարձավ Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցին։

Նա ասաց, որ այս հարցը 3 ասպեկտով են դիտարկում՝ բարոյական, քաղաքական, իրավական։ 

Բարոյականը, Վարագյանի խոսքով, իր մեջ ներառում է նաև քաղաքական ասպեկտ։ Նա ասաց, որ կա տեսանյութ, որով երևում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հաղորդագրություն է ուղարկում, հետո պատասխան ստանում ու բարձրացնում կենտրոնը լուծարելու հարցը։ Այս դեպքից ելնելով՝ կենտրոնը ղեկավարը նշում է, որ իշխանությունները խառնվում են համալսարանի գործերին։

Կենտրոնի ղեկավարի հավաստիացմամբ՝ իշխանությունները փորձում են իրենից և այլակարծությունից ազատվել,  քանի որ ինքը բազմիցս ցույց է տվել իր վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ։ 

Վարագյանն ասաց, որ ապօրինի է հոգաբարձուների նիստ հրավիրելն ու կենտրոնի լուծարման հարցը դնելը, որովհետև նույնիսկ հաստատված օրակարգ չկա։ 

«Առաջիկայում ռեկտորի ընտրություններ են, այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ այլակարծություն չլինի», - շեշտեց նա։

Անդրադառնալով իր կուսակցական պատկանելիությանը՝ Վարագյանն ասաց, որ չի պատրաստվում լքել Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ 

Հարցին, թե այս հարցով դատարան դիմե՞լ են, նա պատասխանեց, որ իրավաբանների հետ քննարկում են դա։