Ե՞րբ պատրաստ կլինեն նոր սերնդի դասագրքերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴպրոցական առարկաների չափորոշիչների և ծրագրերի վերանայում է տեղի ունենում, որին հաջորդելու է նոր դասագրքերի հրատարակումը: Գործընթացը կտևի երկու տարի, և 2022 թվականին նոր սերնդի դասագրքերը արդեն պատրաստ կլինեն, նշում է կրթության փորձագետ Սերոբ խաչատրյանը:
Մասնագետի կարծիքով՝ նոր սերնդի դասագրքերում տեքստերից բացի պետք է ներառվեն նաև առաջադրանքներ, ուշադրություն դարձվեն նախադասությունների չափին, ավելացվեն պատկերների քանակը, հարցերը և այլն:
«Այսօրվա տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս ստեղծել ինֆոգրաֆիկաներ, աղյուսակներ: Դասագրքերում պետք է նաև ավելացնել հարցերի քանակը, որպեսզի երեխաների քննադատական և ստեղծագործական մտածողությունը զարգանա։ Պետք է նաև ավելի հետաքրքրացնել դասագրքերում առկա պատմությունները»,- ասաց մա:
Մասնագետը համոզված է, որ լավ դասագիրքը կարող է բարձրացնել նաև կրթության որակը՝ հաշվի առնելով այն, որ բոլոր դպրոցներում չէ, որ առկա են լավ մասնագետներ.
«Եթե լավ դասագրքեր ունենանք, ինչ-որ չափով կփակենք վատ մասնագետի խնդիրը: Դասագիրքը պետք է դիտենք որպես կրթության մեջ առկա անհավասարությունները հաղթահարող գործիք, իսկ այսօր խնդիրները շատ են»:
Սերոբ Խաչատրյանին մտահոգում է նաև այն փաստը, որ այս տարի Երեւանի պետական մանկավարժական համալսարանում ֆիզիկայի, քիմիայի բաժին ընդունվել է 2 հոգի։
Աշխարհագրության և կենսաբանության բաժիններ ևս քիչ են ընդունվել, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին ունենալու ենք ուսուցիչների խնդիր: Ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք եթե ևս 10 տարի չլուծվեն, ապա հնարավոր է՝ ոլորտը չկարողանանք վերականգնել:
Իսկ դասագրքերի որակը բարձրացնելու համար, ըստ նրա, պետք է լիցենզավորում անցնեն նաև դասագրքերի հեղինակները՝ նախկին խնդիրներից խուսափելու համար: