Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0639
A A
Հասարակություն

Պետությունը պետք է այլընտրանք առաջարկի. փորձագետը՝ անտառահատումների մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, «Իմ քայլը» խմբակցությունից Մերի Գալստյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը,«ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանն անդրադառանում են ծառահատումների վերաբերյալ խնդիրներին։

Արեգ Կարապետյանը, անդրադառնալով Իջևանի ծառահատման դեպքերին, նշեց, որ խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև՝ սոցիալական։ 

Նրա խոսքով՝ նոր կարգ է մշակվել, որ թափուկ վառելափայտի բաշխումը կարգավորվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

«Ցավոք, մեր անտառները ի վիճակի չեն բավարարել մեր ազգաբնակչության պահանջները», - նշեց նա՝ հավելելով, որ դժվարին պայքար է մղվում ապօրինի ծառահատումների դեմ։

Պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ բնական ռեսուրսների կառավարումը մշտապես եղել է սոցիալ-տնտեսական և շահերի բախման կենտրոններում։ Նրա խոսքով՝ նույնպիսի իրավիճակ է նաև ջրային ռեսուրսների պարագայում։

Բնական ռեսուրսների կառավարումը, ըստ հանձնաժողովի անդամի, կարող է լինել նաև եկամտաբեր, եթե այն դիտարկվի էկոհամակարգի կոնտեքստում։ Նա նշեց, որ կայուն օգտագործումը կարող է շահավետ լինել։

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ սոցիալական խնդիրների մի մասը լուծվել է անտառների հաշվին։ Նրա խոսքով՝ սոցիալական վիճակից ելնելով՝ եթե պատերազմական տարիներին արդարացված են ծառահատումները, ապա հիմա՝ ոչ։

Խոսելով Իջևանի ցույցերը մասին՝ Բագրատյանն ասաց, որ ցույցերը քաղաքական իմաստով լավ կազմակերպված են եղել ծառահատումներով զբաղվողների կողմից։ 

Դիտարկմանը, թե Տավուշի մարզպետարանը փայտի գործով զբաղվողներին տեղեկացրել է, որ մարզում կա 200 աշխատատեղ, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորն ասաց, որ մարդիկ, գիտակցելով, որ դրանք ժամանակավոր են, չեն համաձայնվում։ 

Մարդիկ, ըստ պատգամավորի, մշտական աշխատանք են ուզում ունենալ։ 

Վիկտորյա Բուռնազյանն ասաց, որ Հայաստանը չունի արտադրողականության համար նախատեսված անտառներ։ Նա նշեց, որ ուժային կառույցները պետք է համագործակցեն անտառապահների հետ, սակայն նա միևնույն ժամանակ կարևորեց մարդկանց սոցիալական ապահովվածության հարցը։ Ըստ փորձագետի՝ պետությունը պետք է այլընտրանք առաջարկի։