Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վենետիկ ՄԻԵԴ (2)
A A
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները Քոչարյանի գործի վրա էական ազդեցություն կունենան. իրավաբան

Սահմանադրական դատարանն այսօր հայտարարություն էր տարածել «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ կասեցնելու վերաբերյալ» որոշում ընդունելու մասին:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչ ընթացակարգ է:

«Սա բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունից, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսի 1-ին»,- նշեց մեր զրուցակիցը:

Իրավաբանի խոսքով՝ սա նոր ընթացակարգ է սահմանում, որով ազգային դատարանը կարող է դիմել եվրոպական դատարանին կոնկրետ գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար:

«Երբեք չի կիրառվել այս ընթացակարգը, առաջին անգամ է: Իրավաբանորեն նշանակալից գործընթաց է, իսկ կարծիքը թեկուզ խորհրդատվական է, բայց հեղինակավոր կարծիք է: Դա կարող է գործի վրա էական ազդեցություն ունենալ: Ինձ սրա իրավաբանական կողմն է հետաքրքրում. շատ հետաքրքիր և աննախադեպ գործընթաց է»,- ընդգծեց Ղազարյանը:

Վերոնշյալ միջազգային գերատեսչությունները, իրավաբանի խոսքով, միայն կարծիք են հայտնելու 300.1 հոդվածի կոնվենցիայի համապատասխանելիության կապակցությամբ:

Մոտավոր բովանդակությունը կարող է լինել հետևյալը. «Արդյո՞ք այդ հոդվածը կանխատեսելի, կիրառելի կերպով է սահմանում Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը: Արդյո՞ք այդ հոդվածը համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին, որը Եվրոպական կոնվենցիայի հիմքում ընկած սկզբունք է»:

«Կարելի է ասել Եվրոպական սահմանադրական կարգի հիմքում ընկած սկզբունքը: Այսինքն՝ խոսքը կլինի միայն իրավական որոշակիության մասին, բայց դա էլ Հայաստանում սահմանադրական սկզբունք է»,- նկատեց Ղազարյանը:

Շարունակելով՝ Ղազարյանն ասաց, որ սա ուղիղ ազդեցություն կունենա քրեաիրավական որակման վրա, իսկ եթե համարեցին, որ առաջադրված մեղադրանքը հստակորեն չի կարգավորում սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը, նշանակում է քրեաիրավական որակումը կամ մեղադրանքը դեֆեկտ ունի:

Հարցին, թե օրինակի համար՝ կարո՞ղ է դիտարկվել հոդվածով անձի վիճակը վատթարացնող հանգամանքը, պատասխանեց. «Դա էլ կարող է հարցի երկրորդ կողմը լինել: Ես դիմումը չգիտեմ, չեմ տեսել, բայց մոտավորապես դա էլ երկրորդ հարցն է: Արդյո՞ք հետադարձ կիրառություն է, թե՞ ոչ, որովհետև այդ հոդվածն ընդունվել է 2009 թվականին, 2008-ից հետո»:

Հարցին, թե այս կարծիքները դատական նիստերի ժամանակ կարո՞ղ են կցվել գործերին, Ղազարյանը պատասխանեց՝ ոչ թե կկցվեն, այլ կվկայակոչվեն:

Իսկ ՄԻԵԴ-ի կարծիքն է ավելի ազդեցիկ, թե՞ Վենետիկի հանձնաժողովի, իրավաբանի փոխանցմամբ, այնքանով, որով խորհրդատվական բնույթ ունի կարծիքի արտահայտումը, գրեթե նույն հարթության վրա են: «Մի քիչ առավելություն ունի եվրոպական դատարանը, որովհետև դատարան է»,- պարզաբանեց Ղազարյանը:

Միջազգային իրավունքի մասնագետի փոխանցմամբ՝ գերատեսչությունները նախ պետք է ընդունելության որոշում կայացնեն, հետո կարծիք արտահայտեն:

«Դա որոշում չէ, դա վճիռ չէ, խորհրդատվական կարծիք է»,- եզրափակեց «Ա1+»-ի զրուցակիցը: