Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ մարդիկ անընդհատ ուզում են անտառի հաշվին օգտվել. Իջևանի անտառտնտեսության տնօրեն

Հասարակություն

Այսօր Իջևանի քաղաքացիները փակել էին դեպի Իջևան տանող ճանապարհը՝ բողոքելով, որ իրենց թույլ չեն տալիս անտառում ծառերից թափված ճյուղերը հավաքել:

Խնդրի առնչությամբ «Ա1+»-ը զրուցեց Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանի հետ:

Վերջինս նշեց, որ խնդիրն այն է, որ իրենց ծրագրերն ուղղվում են անտառների պահպանմանը, և իրենց մոտ այս պահին ընթանում է հանձնման ընդունման գործընթաց, որի ընթացքում անտառի հետ կապված ցանկացած աշխատանք, այդ թվում՝  սանիտարական հատման վայրերից, փայտանյութի վաճառքը դադարեցված է:

«Ընդհանուր գույքագրում պետք է անենք, որ ստանանք ընդհանուր պատկեր: Այդ պատճառով բնակչությունը հիմնականում դրանից է  դժգոհ, թե ինչո՞ւ չենք տալիս համապատասխան փաստաթղթեր: Մենք պետք է հասկանանք, թե ինչ ունենք տվյալ պահին տնտեսությունում, որը կուղղվի բնակչությանը, դա կլինի թափոնի տեսքով, թե սանիտարական հատման անհրաժեշտ վառելափայտ: Անտառում երբեք արգելված չի փայտանյութ վերցնելը, քանի որ միշտ էլ կատարվում են սանիտարական հատումներ։ Դա անտառին օգտակար է, այնտեղ թափոններ էլ կան, որն օգտակար է  բնությունից հանելը, դա հանվում է և  ուղղվում բնակչությանը»,- ասաց Մհեր Ղալթախչյանը:

Վերջինս նշեց, որ կա կառավարության որոշում, համաձայն որի՝ բնակիչներին անվճար տրամադրվում է ութ խորանարդ մետր վառելափայտ:

Նրա խոսքերով՝ իրենք մի քանի անգամ մարզպետարանում համապատասխան մարմինների հետ քննարկել են իրավիճակը։ Բնակիչների բարձրացրած բողոքի մեջ իրենք չեն տեսնում սոցիալական խնդիր:

«Տվյալ պարագայում խնդիրը սոցիալական չի, այլ պարզապես կան որոշ մարդիկ, որ անտառը վերածել են իրենց բիզնեսի, ժամանակի ընթացքում լավ բիզնես են կազմակերպել, շահույթ են ստացել ու այսօր անընդհատ ուզում են անտառի հաշվին օգտվել: Բայց այսօր մենք չենք կարող անտառը վերածել բիզնեսի, մեր անտառծածկույթն իջել է 11 տոկոսի, ինչը  միջազգային ստանդարտներով մեր նման պետությունների համար խելամիտ չի: Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր անտառծածկույթը հասնի իր տրամաբանական չափին: Եվ ամեն ինչ անում ենք, որ ոչ մի ծառ ապօրինի չհատվի, քանի դեռ ես ղեկավար եմ անտառտնտեսությունում», - ասաց Մհեր Ղալթախչյանը:

Նա նաև հավաստիացրեց, որ  ոչ մի ընտանիք երբեք առանց փայտանյութի չի մնալու, ոչ մի տավուշցի ձմռանը չի մրսելու: