Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aik-ararat
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» այսօր կրկին կմրցի Շվեդիայի չեմպիոնի հետ

Երեւանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այսօր իր երկրորդ հանդիպումը կանցկացնի եվրոպական գավաթներում: Հայաստանի գործող չեմպիոնը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Ստոկհոլմում կմրցի տեղի ԱԻԿ-ի հետ:

Թիմերի երեւանյան հանդիպումն ավարտվել է մեր ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2:1: Հաջորդ փուլ մտնելու համար «Արարատ-Արմենիային» նվազագույնը հարկավոր է չպարտվել 0:1 եւ ավելի խոշոր հաշվով: 1:2-ի դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ, իսկ հետո նաեւ 11մ հարվածաշար:

Հարկ է նշել, որ բուքմեյքերները հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում ԱԻԿ-ին, որի հաղթանակը գնահատել են 1,15 գործակցով: «Արարատ-Արմենիայի» հաղթանակին հավատում է ֆուտբոլային 17 փորձագետներից միայն մեկը:

Ինչպես տեղեկացնում է շվեդական ակումբի պաշտոնական կայքը, առայժմ վաճառվել է հանդիպման 8973 տոմս, այն դեպքում, որ ակումբի «Ֆրենդս Արենա» մարզադաշտը տեղավորում է 50 հազար հանդիսական:

Հիշեցնենք, որ ԱԻԿ - «Արարատ-Արմենիա» զույգի հաղթողը հաջորդ փուլում հանդիպելու է «Մարիբոր» (Սլովենիա) - «Վալյուր» (Իսլանդիա) զույգի հաղթողի հետ: Այդ խաղերը կայանալու են հուլիսի 24-ին եւ 31-ին:

Անհաջողության մատնվող թիմը ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում, որտեղ նրա մրցակիցը կլինի չեմպիոնների լիգայի նախնական փուլում սայթաքած «Լինկոլն Ռեդ» (Ջիբրալթար) թիմը: