Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Կողակի և բեղլուի պաշարները գրեթե վերացել են Սևանա լճում. Բարդուղ Գաբրիելյան (տեսանյութ)

Սևանի ափերին ծաղկման պրոցեսը քչացել է, ջրիմուռները սկսել են մահանալ և նստում են հատակին, ինչը հետագայում հնարավոր է առաջացնի փտեցման պրոցես. պարզաբանում է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Ջրիմուռները ժամանակ առ ժամանակ  զարգանում են: Կան ոչ միայն կապտականաչ, նաև կանաչ դիատոմային ջրիմուռներ, որոնք որոշ ամիսներին զարգանում են և լճում առաջացնում ավելորդ օրգանական նյութեր: Սակայն կապտականաչ ջրիմուռները ինդիկատոր են օրգանական նյութի՝ այսինքն` կենսածին էլեմենտների ավելացման»:

Բարդուղ Գաբրիելյանի հավաստմամբ, աշնանը տեղի է ունենում կապտականաչ ջրիմուռների զարգացում: Սակայն դա կառաջացնի ծաղկում, թե ոչ, այժմ դժվար է ասել, քանի որ դա կախված է տարվա այդ ժամանակվա ջերմաստիճանից, լճի բարձրանալուց, ինչպես նաև  ֆոսֆորի և ազոտի ներմուտքի քանակից, որոնք էլ հանդիսանում են ծաղկման հիմնական պատճառը: Սակայն պետք է հասկանալ, որ Սևանի խնդիրը շատ լուրջ է և պետք է մասնագիտացված ինստիտուտները զբաղվեն այդ հարցով:

Անդրադառնալով Սևանում ձկան պաշարներին, մասնագետը նշեց, որ կողակի, բեղլուի և իշխանի համար ստեղծված իրավիճակը բարենպաստ չէ :

«Միտում կար, որ արհեստական աճեցման և ներբացթողման արդյունքում իշխանը պետք է ավելանար, սակայն իշխանը պետք է զարգանա գետերում, բայց,  քանի որ գետերը հիմա ահավոր վիճակում են գտնվում, այդ պատճառով  բնական զարգացումը անընդունելի է: Իսկ ինչ վերաբերում է կողակին և բեղլուին, նրանց պաշարները գրեթե վերացել են լճում: Նախարարությունը առաջարկել է վերականգնման ծրագիր, սակայն որոշ հարցադրումներ կան կապված մայրական կազմի հետ: Քանի որ հիմա շատ դժվար է Սևանի լճի կողակին մայրական կազմ ձեռք բերել և կազմակերպել արհեստական վերարտադրություն: Առաջիկայում մենք կներկայացնենք մեր առաջարկություններն այս ուղղությամբ»:

Ինչպես նաև, Կառավարությունը պետք է ճշտի, թե Սևանից ինչ է ակնկալում. «Պետք է խմելու որակի ջո՞ւր, ձկնարդյունաբերության համար ,թե՞ ոռոգման և  այդ ժամանակ մեր ռազմավարությունը կուղղվի այդ ուղղությամբ»: