Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչեց հայ եկեղեցական աղոթքը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Հայ եկեղեցական աղոթք՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գմբեթի ներքո: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կոնգրեսական խմբի նախաձեռնությամբ Կապիտոլիումում՝ ԱՄՆ-ի ժողովրդավարության օրրանում Մերձավոր Արեւելքի մի շարք եկեղեցիների աղոթք կազմակերպվեց: Կազմակերպիչների խոսքով, միջոցառման նպատակն է՝ բարոյական աջակցություն ցուցաբերել հատկապես Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին, որոնց թիվը վերջին տասնամյակներում կտրուկ նվազել է:

Միացյալ Նահանգները ոչ միայն քրիստոնյա արժեքների կրողն է այլեւ պետք է հանդիսանա աշխարհում այս արժեքների պաշտպանը, իր ելույթում ընդգծում է հայկական արմատներ ունեցող ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն.

«Իմացեք՝ Կոնգրեսում կա ուժ, որի համար այս հարցը կարեւոր է եւ Աստծո կամոք մենք կշարունակենք մեր աշխատանքը»:

Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական, Ջեքի Սփիրն իր ելույթում հիշեցրեց՝ այսօրվա աշխարհում իրական քրիստոնյա լինելը հեշտ չէ, հիշատակելով պատվիրաններից մեկը.

«Հեշտ է կարեկցող եւ գթասիրտ լինել քեզ նման մարդկանց նկատմամբ կամ մարդկանց նկատմամբ, ովքեր քեզ դուր են գալիս: Մեր իրական կարեկցանքն ու գթասրտությունը փորձության են ենթարկվում, երբ մեզանից պահանջվում է ցուցաբերել դրանք ոչ մեզ նման մարդկանց նկատմամբ»:

Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն էլ իր ելույթում անդրադարձավ քրիստոնեության նշանակությանը հայերի համար.

«Հայերին հաջողվեց վերապրել Ցեղասպանության սարսափը, պահպանվել եւ չփոխել սեփական դավանանքը հենց այն պատճառով, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք»:

Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գլխավոր դահլիճում ավանդաբար կազմակերպվում են ԱՄՆ-ի համար կարեւորագույն նշանակություն ունեցող միջոցառումներ: