Բացել լրահոսը Փակել լրահոսը
111.thumb
A A
Հասարակություն

«Ամենաաղբաշատ» երկրների ցանկում հայտնվելը, ըստ բնապահպանի, պոչամբարների արդյունքն է

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում 6-րդ տեղն է զբաղեցրել։

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը շեշտում է՝ սա միայն կենցաղային աղբին չի վերաբերում, մեծ մասը հանքարդյունաբերական թափոններին է բաժին ընկնում։

«Մենք ունենք 23 պոչամբար, որոնք քաղցկեղի նման ծածկում են երկիրը, և չի ներկայացվում, թե ինչ են արվում այդ թափոնները»,- ասում է ասոցիացիայի նախագահը։

Ամբողջ աշխարհում մշակվում է թափոնների 5 տոկոսը, Հայաստանում ցուցանիշը ցածր է, և եթե կարողանանք հասցնել 2 տոկոսի, շատ լավ կլինի, ասում է Կարինե  Դանիելյանը։

Նշվում է՝ ունենք որոշ դրական փոփոխություն՝ մարդիկ հասկացել են, որ աղբը բիզնեսի միջոց կարող է հանդիսանալ, այսօր արդեն Հայաստանում վերամշակող կազմակերպություններ կան։

Դանիելյանը հիշում է՝ 90-ականներին հասարակության շրջանում անցկացրած իրենց հարցումների արդյունքում հասկացել էին, որ բնակիչները աղբի տեսակավորում չեն կարող անել։ Պատճառներից մեկն այն է եղել, որ նրանք ունեն բազում հոգսեր և ժամանակ չեն կարողանա տրամադրել տեսակավորմանը։ Այս նույն թեմայով վերջերս կրկին հարցում են անցկացրել և արդյունքում 95 տոկոս դրական պատասխան են ստացել։ Նա նշում է, որ այս տոկոսները իջնում են, երբ խոսքը վերաբերում է մարզերին։

«Թուղթը աղբ չէ, պլաստիկը աղբ չէ» նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Մկրտչյանն աղբի վերամշակմանն ուղղված իրենց լուծումն է ներկայացնում։ Մեկուկես տարի առաջ սկսել են թուղթ հավաքագրել։

Ասում է՝ այն ժամանակ մարդիկ զարմանում էին, թե ինչի համար է հավաքագրվում, և անգամ չէին էլ պատկերացնում, որ օգտագործված թուղթը կարելի է վերամշակել եւ օգտագործել։

Այժմ այս նախաձեռնությունը դիմել է կառավարություն՝ աջակցություն ստանալու համար, որպեսզի կարողանան հասցնել հավաքագրում իրականացնել։

«Մեկուկես տարի անց՝ մենք հարկադրված ամսական երկու անգամ իրականացնում ենք աղբի հավաքագրում 9 համայնքներից, այն հետո տեսակավորում և ուղարկում ենք վերամշակման։ Հայաստանում ստացված թափոններից պատրաստում են տարատեսակ իրեր, օրինակ՝ ծաղկամաններ,պլաստիկից ափսեներ եւ այլն։ Մեզանում կա պահանջարկ, և մեր շուկայի մեծամասնությունը հենց մեր արտադրանքն է»,- ասում է Հռիփսիմե Մկրտչյանը՝ անհանգստանալով, որ հայկականի կողքին կա նաև թուրքական ապրանք, որն ավելի շատ է վաճառվում։

Նախաձեռնության ղեկավարը գտնում է, որ դրա հիմնական պատճառը գովազդի բացակայությունն է։