Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gevrog Petrosyan venice
A A
Քաղաքականություն

Նույնիսկ վեթինգ կոչվածի քարոզիչները լավ չեն պատկերացնում, թե ինչ է դա. Գևորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար անսպասելի չէր՝ «Իրավական ուղի» ՀԿ-ի կողմից հրապարակված Վենետիկի հանձնաժողովի արձանագրության բովանդակությունը:

«Անսպասելի չէր: Առավելևս երբ որ Սահմանադրությանը հակասող գործողությունների մասին մենք ահազանգել էինք դեռևս մի քանի ամիս առաջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հանձնաժողովի անդամ, իրավաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությանը:

Արդարադատության համակարգը, ըստ նրա, ունի վերափոխման կարիք, բայց չպետք է գնալ հակասահմանադրական ճանապարով, իսկ թե՛ վեթինգը, որ պետք է արվեր Սահմանադրական փոփոխություններից հետո, և թե՛ դատարանների շրջափակումը չէին կարող մնալ առանց աձագանքի:

Արդարադատության համակարգը, իրավաբան պատգամավորի խոսքով, պետք է մաքրազարդել կոնկրետ հետքերով գնալով, իսկ դատավորները, որոնք վնասում են համակարգի հեղինակությունը, պետք է գնալ նրանց համակարգից մեկուսացնելու ճանապարհով: «Ոչ թե դատավորին պատժելու պատրվակով, ամբողջ համակարգը պարալիզացնել ու կանգնեցնել փաստի առջև»,- շեշտեց նա:

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորն ասաց, որ անգամ, եթե եվրոպական կառույցներն էլ չարձագանքեին, չէր կարելի  դրված նպատակին հասնել օրենք խախտելով:

Մինչև դատական համարկարգը վեթինգի ենթարկելը, նրա համոզմամբ, պետք է այլ օղակներին անդրադառնալ. «Եվ՛ օրենսդիր, և՛ գործադիր և հետո նոր դատական մարմիններում, իրավապահ մարմիններում իրականացնել»: Ըստ նրա՝ «նույնիսկ վեթինգ կոչվածի քարոզիչները» լավ չեն պատկերացնում, թե ինչ է դա և որ այդպես էլ չհայտնվեց մեկը , որ հանրությանը մատչելի բացատրեր  անցումային արդարադատությունը և հիմնավորեր դրա անհրաժեշտությունը:

«Եվ ընդամենը վկայակոչել մի քանի երկրի փորձ, այդ թվում՝ ոչ առաջընթաց գրանցած պետություների փորձը, փորձել դա տեղայնացնել Հայաստանում առանց մեր տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու, չի կարող ցանկալի արդյունք տալ»,- ընդգծեց Պետրոսյանը: Ըստ նրա՝ պետք է հեռու մնալ մեր երկրում անհեռատես ձևով արհեստականորեն տեղայնացնելու սովորությոնից, ինչն արվում էր նախորդ իշխանությունների օրոք:

«Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչ էր անցումային արդարադատությունը, որն էր դրա էությունը, Հայաստանում դրա տեղայնացման, դրա ներդրման նախադրյալները որոնք էին և ինչ շոշափելի արդյունք պետք է տար, այդ թվում՝ դրա բաղադրիչը կազմող վեթինգը: Եվ բավական է, որ ինչ-որ մի քանի հոգի գնան, դրսում ինչ-որ մի քանի տերմիններ սովորեն, գան-փորձեն իբրև թե զարգացում արձանագրեն»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը: