Բացել լրահոսը Փակել լրահոսը
67090575_2403975512995800_4313385481564848128_n
A A
Քաղաքականություն

Ինչ-որ ապոկալիպտիկ բան տեղի չի ունեցել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին

«Իրավական Ուղի» հասարակական կազմակերպությունն իր ֆեյբուքյան էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը»։

Արձանագրության մեջ անդրադարձ էր կատարվել դատավորների վեթինգին, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս հայտարարության վերաբերյալ մեկանաբանություն ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Ազգային ժողովի Պետական-իրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Սուրեն Գրիգորյանի հետ։

Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

«Նախ ասեմ, որ «Իրավական ուղի» ՀԿ-ի հայտարարության մեջ նշված էր, որ «սահմանափակ տարածմամբ» է այդ փաստաթուղթը տարածվել։ Այսինքն՝ ես կոնկրետ ամբողջական փաստաթղթին հասանելիություն չունեմ, որ կարողանամ Ձեզ անմիջական ասել: Բայց ինչպես հասկացա այն մասից, որ մեջբերված էր, խոսքը ոչ թե գնում էր նրա մասին, որ առհասարակ վեթինգ չի իրականացվելու, այլ որ համատարած վեթինգը արդյունավետ չէ»,- ասաց իրավաբան պատգամավորը՝ հավելելով, որ դրանից չի բխում, թե վեթինգ չի իրականացվելու։

Գրիգորյանն ասաց, որ չգիտի, թե ով է զեկույցին ամբողջովին ծանոթ, քանի որ Վենետիկի հանձնաժողովի կայքի՝ 119-րդ նստաշրջանին վերաբերող հատվածում միայն 4 էջանոց ամփոփ զեկույցն է դրված՝ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացների և դատական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ, իսկ «Իրավական ուղու» կողմից «սքրինշոթով» դրվածն հատվածն իրեն դեռևս հասանելի չէ։ «Ես դեռևս հասանելիություն չունեմ, միգուցե պատճառը նաև այն է, որ հիմա արձակուրդի մեջ եմ, քաղաքում էլ չեմ»,- նշեց պատգամավորը:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը՝ «Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է (ծափ-) ողջույններով (had been applauded), և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»

Պատգամավորի խոսքով՝ իրականում հանձնաժողովն այդպիսի կարծիք է հայտնել, քանի որ Վահե Գրիգորյանի հայտարարության հետ մի մասը համաձայն է եղել, մի մասը՝ ոչ։ «Հիմա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը 213 հոդվածի մասին այդպիսին է: Մենք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, կարծիքը, ինչ գործընթաց էլ որ լինի, ի գիտություն կընդունենք և հաշվի կառնենք»,- ընդգծեց նա։  Ազգային Ժողովը՝ որպես կառույց, որպես ինստիտուտ, Պետա-իրավական հանձնաժողովի անդամի խոսքով, ո՛չ ողջունել է, ո՛չ քննադատել. «Ազգային ժողովի անունից Վահե Գրիգորյանի ասածի վերաբերյալ հայտարարություն, եթե չեմ սխալվում, չի եղել։ Առանձին պատգամավորներ են ողջունել»:

Գրիգորյանը նշեց, որ պետք է անձամբ ամբողջական զեկույցին ծանոթանա՝ համակողմանի մեկնաբանելու համար՝ հավանական համարելով ՀԿ-ի հայտարարության մեջ ինչ-որ մասի բաց թողնված լինելու հագամանքը: Հարցին, թե ամբողջական մեկնաբանման համար ե՞րբ հնարավոր կլինի իր հետ կապ հաստատել, նա ասաց, որ քաղաքում կլինի 1-2 օրից: Նա նաև ասաց, որ մի քանի տեղ զանգահարել է, որ հենց լինի իր գործընկերների մոտ, ուղարկեն իրեն։

«Ա1+»-ին չհաջողվեց կապ հաստատել Պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ. հեռախոսահամարն անհասանելի էր։ Գրիգորյանի տեղեկություններով՝ նա այս պահին Արցախում է։ Հարցին, թե այս թեմայով քննարկումներ եղե՞լ են, իրավաբան պատգամավորը պատասխանեց, որ ընթացքում քննարկումներ եղել են, բայց այս հայտարարության վերաբերյալ չեն խոսել: «Կարևոր կարծիք է։ Վենետիկի հանձաժողովը լուրջ կառույց է։ Մարդիկ իրենց կարծիքը արտահայտել են։ Լավ, խնդիր չկա, հաշվի կառնենք։ Ինչ-որ ապոկալիպտիկ բան տեղի չի ունեցել»,- եզրափակեց նա: