Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Գլխավոր

Ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը. Վահե Գրիգորյանի ուշագրավ հայտարարությունը (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի երդման արարողությունը:

«Սա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի կողմից ազատ կամարտահայտությամբ ընտրված, ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է»- հայտարարեց նա:

Սահմանադրական դատարանը միակն է, որ գործում է անցումային տրամաբանության մեջ,- կարծում է նա:

«Եվ այս անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրության ճեղքեր, որոնք ես ամենայն մանրամասնություններով մտադիր եմ սկզբից քննարկել իմ գործընկերների հետ՝ ՍԴ անդամների և դատավորի հետ և այնուհետև նրանց հետ ծայրահեղ կառուցողական, հուսով եմ, որ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով՝ գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ»։

Վահե Գրիգորյանը շարունակեց խոսել՝ ՍԴ-ն անցյալ մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով:

ՍԴ նոր դատավորը բոլոր հարցերը կքննարկի ՍԴ-ի մյուս գործընկերների հետ:

«Սահմանադրական դատարանի դատավորի երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս՝ որպես ՍԴ՝ այս պահին միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,- հայտարարեց նա:

Այս պահից սկսած՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը խոստացավ, որ ԱԺ դահլիճում է թողնելու բոլոր նախկին կապվածություններն ու պայմանավորվածությունները, որոնք ինքը փաստաբանի երդմամբ ունեցել է իր ընկերների, վստահորդների հետ:

«Դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, որն արձանագրված է իմ երդման տեքստում»,- ասաց նա:

 

«Ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն ՀՀ ժողովրդի և ի կատարումն հայ ժողովրդի սահմանադիր կամքի և մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի՝ ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը, ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»։