Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերխնդիրը թուրքերից առաջ անցնելն է

Սպորտ

Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի լիգայի մրցումներին:

Նոյեմբերի 12-ին Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմն կանցկացնի իր անդրանիկ հանդիպումը Եվրոպայի լիգայի 2009/10 թթ. խաղարկությունում: Այդ օրը մեր թիմը Աթենքում կմրցի տեղի «Աթինաիկոսի» հետ:

«Հատիս» բասկետբոլային ակումբն այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում մամուլի ասուլիս էր հրավիրել,որին ներկա էին ակումբի ղեկավարները եւ թիմի գլխավոր մարզիչն ու բոլոր բասկետբոլիստուհիները:

Բացման խոսքում ակումբի խորհրդի անդամ Րաֆֆի Նիզիբլյանն ասաց, որ «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի վերաբացմամբ իրենք նպատակ ունեն վերականգնել Հայաստանի բասկետբոլի նախկին ավանդույթները:

«Հատիսի» գլխավոր մարզիչ Գեորգի Ղազանչյանն ասաց, որ թեեւ մեկ ամիս է, որ բասկետբոլիստուհիները լրիվ կազմով հավաքվել են, սակայն անցկացրել են հագեցած մարզումներ եւ, կարելի է ասել, պատրաստ են խաղերին: «Կարեւորն այն է, որ վնասվածքներ չունենք: Ինձ մտահոգում է միայն պաշտպանության գիծը, սակայն հանդիպումների ընթացքում կաշխատենք ուժեղացնել այդ օղակի խաղը»,-ասաց նա: Այն հարցին, թե ինչ հնարավորություններ ունի «Հատիսն» այս մրցաշարում, փորձառու մասնագետը պատասխանեց, որ առաջին երկու հանդիպումից հետո նոր կարելի է պատկերացում կազմել թիմի ռեալ հնարավորությունների մասին:

«Հատիս» ակումբի խորհրդի անդամ Վահե Էնֆիաջյանը միանշանակորեն հայտարարեց, որ թիմի առջեւ դրված գլխավոր խնդիրն է հաղթել եւ շրջանցել թուրքական «Պեշիկթաշին»: Իսկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, որը նույնպես խորհրդի անդամ է, նշեց, որ ընդհանրապես իրենց նպատակներից մեկն այն է, որ բասկետբոլի միջոցով կարողանան դաստիարակել առողջ սերունդ:

Հավելենք, որ «Հատիսը» Երեւանում իր առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին: Այդ օրը մեր թիմը «Միկա» մարզադահլիճում կընդունի Ռուսաստանի «Չեվակատային»: Խաղը կսկսի ժամը 18:00-ին:

«Հատիս» կանանց բասկետբոլի թիմի կազմը
4. Աննա Բաղդոյան Հ Հայաստան
5. Նատիա Փութկարաձե Պ Վրաստան
6. Մաուրիտա Ռեյդ Պ Ճամայկա
7. Ջուլիան Վիանի Պ ԱՄՆ
8. Հասմիկ Միքայելյան Պ Հայաստան
9. Աննա Զարիցկա Հ Ուկրաինա
10. Բոյանա Վուլիչ (Ա) Հ Սերբիա
11. Իվա Սերդար Կ Խորվաթիա
12. Նատիա Աբուլաձե Հ Վրաստան
13. Աննա Պոկոյովա Հ Ուկրաինա
14. Տաթեւիկ Ալեքսանյան Հ Հայաստան
15. Սաթենիկ Մարտիրոսյան Կ Հայաստան
16. Անի Պետրոսյան Հ Հայաստան