Ամենաշատ աչքի զարնող խնդիրը մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի բացակայությունն է. փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոր ծրագրով՝ Հանրապետության մարզերում բնակվող երիտասարդության համար կապահովվի մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնվի զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով։ Որպես թիրախային ընտրված են Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք մարզերը։
Այսօր տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարություն ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանը և այլք։
Մարիյասինն իր ելույթում հայտարարեց, որ բոլոր զարգացած տնտեսություները մտածում են արդեն ապագայի աշխատաշուկայի մասին, ինչ տեսք է ունենալու այն 10-15 տարի անց։
«Դուք ձեր ապագայի կադրերին պետք է պատրաստեք հենց հիմա»,- ընդգծեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը։
Վաչե Տերտերյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում առկա է մասնագիտացումի և պահանջված աշխատանքների միջև անհամապատասխանություն։
«Այս խզվածությունը ոչ միայն վերլուծելը, այլ նաև անհրաժեշտ է գործնական աշխատող մեխանիզմներ ներդնել, որպեսզի այս խզվածությունը չլինի»,- կարևորեց փոխնախարարը։
«Ամենաշատ աչքի զարնող խնդիրը մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի բացակայությունն է»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։
Երիտասարդությունը, Ուդումյանի խոսքով, մասնագիտական կողմնորոշման կամ աշխատաշուկայում կողմնորոշվելու խնդրին առաջին անգամ բախվում է համալսարանն ավարտելուց հետո։
Ներկաներն իրենց ելույթներում հույս հայտնեցին, որ ծրագիրը կծառայի իր նպատակներին։