Ֆուտբոլիստը «ընտրել է Աստծո ուղին»
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Կարեն Խաչատրյանը, որը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Վարդան Խաչատրյանի որդին է, օգոստոսին անսպասելի հեռացվեց ակումբից, որը թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատճառաբանեց նրա վատ ելույթներով:
Սակայն ինչպես «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը, ֆուտբոլիստը բոլորովին այլ խնդիրներ ունի: Ըստ որոշ տեղեկությունների` ֆուտբոլիստը հարում է կրոնական մի կազմակերպության:
«Նա դեռեւս հանդիսանում է «Փյունիկի» խաղացողը, սակայն մենք նրան հանել ենք տրանսվերի եւ նոր թիմ ենք փնտրում: Կարեն Խաչատրյանի, ինչպես նաեւ մի քանի այլ խաղացողների հետ, որոնց մոտ նույնպիսի նախանշաններ էին նկատվում, բազմիցս զրուցել ենք այդ հիմնախնդրի մասին: Ըստ իս, ֆուտբոլիստը պետք է մտածի միմիայն ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե սին հոգեւոր արժեքների մասին: Բոլորը համաձայնեցին, իսկ ահա Կարեն Խաչատրյանը մեր խնդրանքները բանի տեղ չդրեց եւ ընտրեց իր Աստծու ուղին»:
Նշենք, որ Կարեն Խաչատրյանը «Փյունիկի» կազմում դարձավ Հայաստանի 2009 թվականի չեմպիոն (առաջնությունում անցկացրած խաղերի քանակը նման իրավունք է տալիս) եւ գավաթակիր: Նա միաժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամն է: