2020թ. հունվարի մեկից կենսաթոշակները կբարձրանան. վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հայտնեց, որ երեկ տեղի ունեցած դռնփակ նիստում գործադիր մարմինը հաստատել է 2020-22 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
«Կարող ենք մի քանի արձանագրում անել, որ այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի մեկից ՀՀ-ում տասը տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաեւ մենք գիտենք, որ սեպտեմբերի մեկից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Ինչպես նաեւ որոշում կայացվեց, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»,-նշեց վարչապետը:
Հաջորդ կարեւոր խնդիրը, որ քննարկվել է երեկվա դռնփակ նիստում, ըստ Նիկոլ Փաշինյանի, ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոկրետ ճանապարհային քարտեզն է: Վարչապետը այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում է վերամշակող արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության եւ զբոսաշրջության զարգացման ուղղություններով. «Եւ որպես դրան ուղղված գործողությունների հերթական հանգրվան՝ մենք մեր այցի շրջանակում էլ Վիետնամում եւ Սինգապուրում այդ թեմաներով քննարկումներ ունեցել ենք: Այս պահին, կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք մի աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին»: