«Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում գործադուլ է հայտարարվել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱգարակի պղնձամոլիբդենային գործարանում այս պահին գործադուլ է հայտարարված: Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Ունենք 1000-ից ավելի աշխատակից, Ագարակի և Մեղրիի բնակիչները գտնում են, որ իրենց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվել են, և սոցիալական ապահովության մի շարք խնդիրներ են առաջացել»,- ընդգծեց պատգամավորը:
Աշխատակիցները պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունից պահանջում են վճարել տարիներ առաջվա արտաժամյա աշխատանքի դիմաց իրենց վճարները:
«Որևէ մասնագիտական վերլուծություն չկա, որևէ աջակցություն չկա, չհաշված, որ Մեղրիի քաղաքապետը ջանքեր է գործադրում՝ մարզպետի հետ միասին: Գտնում եմ, որ այստեղ անելիք ունեն Աշխատանքի տեսչությունը և Կառավարության համապատասխան մարմինները»:
Արմեն Խաչատրյանը վաղը կմեկնի Մեղրի՝ անձամբ խնդրին ծանոթանալու և լուծումներ գտնելու համար: