Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ խորհրդանիշ
A A
Պաշտոնական

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով այն, որ սոցիալական ցանցերում և որոշ մամուլի միջոցներում տեղ են գտնում դատավորների վերաբերյալ հնչեցվող վիրավորական արտահայտությունները, որոնք որոշ դեպքերում վեր են ածվում հայհոյանքների,

Նկատի ունենալով, որ դատական համակարգի նկատմամբ անվստահության ու բացասական վերաբերմունքի առկա դրսևորումները ունեն  օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր,

Կարևորելով սուր քննադատության և ազատ կարծիք արտահայտելու հնարավորությունը ժողովրդավարական հասարակությունում,

Միաժամանակ ընդգծելով, որ վիրավորական արտահայտությունները չեն նպաստում դատական համակարգի գործունեության բարելավմանն ուղված հանրային քննարկումների արդյունավետությանը,

Բարձրագույն դատական խորհուրդը՝

Կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից և նման արտահայտությունները տարածելուց,

Հորդորում է իրավապահ մարմիններին շարունակել ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները՝ վիրավորական արտահայտությունների հեղինակներին բացահայտելու և օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար։

Բարձրագույն դատական խորհուրդն իր իրավասությունների սահմաններում շարունակելու է հետամուտ լինել խնդրին՝ բացառելու համար դատավորների հասցեին հնչող ցանկացած վիրավորական արտահայտություն, միաժամանակ շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար դատական համակարգի վերափոխումը և առողջացումը, ինչը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության և հարգանքի ձևավորմանը և դրա ներկայացուցիչների վերաբերյալ վիրավորական արտահայտություններով կարծիք հայտնելու մերժմանը։

 

Բարձրագույն դատական խորհուրդ