Բացել լրահոսը Փակել լրահոսը
nkar2
A A
Հասարակություն

Աղբը ժամանակին չհեռացնելու դեպքում սպառողը կարող է դիմել դատարան. Կարեն Չիլինգարյան (տեսանյութ)

Աղբահանության խնդիրներն առաջացել են դեռևս 2011 թվականին, երբ ԱԺ-ում աղբահանության մասին օրենքում սպառողը ուներ միայն պարտականություններ, բայց չուներ ոչ մի իրավունք, նշում է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

2002 թվականից կա Կառավարության որոշում, որտեղ նշված է, որ օդի մինչև  +5 աստիճանի դեպքում 3 օրը մեկ պետք է աղբահանություն իրականացվի,  իսկ +5-ից բարձրի  դեպքում առնվազն օրը մեկ անգամ պետք է հեռացնեն աղբը։

«Իսկ մեզ մոտ նույնիսկ շաբաթը մեկ անգամ չեն հեռացնում, և աղբը ժամանակին չհեռացնելու համար սպառողը կարող է դիմել դատարան և պահանջել փոխհատուցում»։

Կարեն Չիլինգարյանը սխալ է համարում նաև աղբահանության ծառայության վճարման համար մշակված կարգը։ Քաղաքացին աղբի գումարը քաղաքապետարնում չմուծելու դեպքում պետք է միջնորդավճար մուծի, մինչդեռ քաղաքապետարանում միշտ առկա հերթերը թույլ չեն տալիս ժամանակին վճարումներ կատարել։ Իսկ ուշացումների դեպքում առկա են  բազմաթիվ տույժ-տուգանքներ։

«Ճիշտ չէ, երբ սպառողը պարտավորվում է վճարել աղբահանության համար՝ անկախ ծառայության որակից, իսկ վատ ծառայության դիմաց փոխհատուցման հնարավորություն չունի»։

 Թերապևտ Լամարա Մանուկյանին մտահոգում է այն հանգամանքը, որ աղբը հիմնականում գտնվում  է շենքերի բակում, որտեղ խաղում են երեխաները, ինչը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ։

Մասնագետը նաև նշում է, որ աղբի գարշահոտությունից տուժողները հիմնականում շնչառական խնդիրներ ունեցող անձինք են, որոնց մոտ սրվում են ասթման, քրոնիկ թոքային հիվանդությունները և ալերգիաները։