Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130805
A A
Մշակույթ

Անգլիացի մասնագետները կընդօրինակեն հայկական փորձը (տեսանյութ)

Տասներեքը, չնայած համարվում է, որ այնքան էլ հաջողակ թիվ չէ, սակայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար տասնեքերորդը արդյունավետ համերգաշրջան էր», -կեսկատակ ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց այս տարվա համերգաշրջանը: 37 համերգային ծրագրեր, չկրկնվող երկացանկ, մոտ 44 հազար ունկնդիր, փառատոններ,  բարեգործական և կրթական նախագծեր, հյուրախաղեր, մասնավորապես՝ Դուբայի օպերայի թատրոնում հինգ համերգ, որին ներկա է եղել 10000 հանդիսատես, 23 համերգի օնլայն հեռարձակում և միլիոնից ավելի դիտում, 16 երկրից 33 մենակատար: Անուններ, որոնց հետ ելույթը պատիվ է լավագույն նվագախմբերի համար:

Սերգեյ Սմբատյանը, կարևորելով նվագախմբի յուրաքանչյուր ծրագիր ու նախագիծ, առավել կարևորեց կրթական ծրագրերն ու ձայնագրությունները:

«Երևանի ավագ դպրոցների ավելի քան 14.000 աշակերտ դարձել է «Դաս Ա»-ի մասնակիցը: Նման կրթական ծրագրերը  մոտիվացնում են նոր սերնդին դեպի դասական երաժշտություն, -ասում է նախագծի հեղինակ Սերգեյ Սմբատյանն ու հավելում, որ այն արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում:

«Մեկ շաբաթ առաջ անգլիացի մասնագետներից, անդրադառնալով «Դաս Ա»-ին, կարծիք հայտնեցին, որ իրենց ուսումնական հաստատություններում ևս վատ չէր լինի նման կրթական ծրագրեր անցկացնել»:

Ինչ վերաբերում է 29 աուդիո և 28 վիդեո կատարած ու կատարվելիք ձայնագրություններին, պարոն Սմբատյանն ընդգծեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրությունների կարևորությունը: Խոսքը գնաց մասնավորապես Ջոն Տեր-Թադևոսյանի երկրորդ սիմֆոնիայի մասին, որ երբևէ չի ձայնագրվել, սակայն ժամանակին արժանացել է Շոստակովիչի առանձնակի գնահատականին: