Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Կյանքից հեռացել է դերասան Սերգեյ Մագալյանը

71 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Սերգեյ Մագալյանը: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2019 թվականի հուլիսի 8-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին և վարպետի արվեստը գնահատողներին:

Սերգեյ Մաղալյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984 թվականից աշխատում էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Թատրոնում կերտել է ավելի քան 90 դեր, որոնցից են` Գ. Գորինի «Հիշատակման  աղոթք» (Տևիե), Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Կրուտիցկի), Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա. Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Այր), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Լ. Շանթի «Կայսր» (Վասիլ), Ա. Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին) և այլն: 2007 թվականին «Երեք քույր» պիեսում կերտած Չեբուտիկինի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում: