Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Գազելի վարորդը, ինչքան հասկանում եմ, մեղք չի ունեցել. Ֆելիքս Ցոլակյանը՝ Զոդի կամրջի վթարի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունենում ՃԿՊԱ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Լրագրողների հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձավ հուլիսի 6-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարին, որի հետևանքով 6 մարդ է մահացել:

«Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները ապահովված լինեն կրակմարիչներով, բայց այստեղ գազելի վարորդը, ինչքան հասկանում եմ, մեղք չի  ունեցել»,- ընդգծեց նախարարը եւ հավելեց. «Ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ ու բենզին, այլ դիզել, որ այդպիսի բռնկում չառաջացնի»:

Ինչ վերաբերում է Վրաստանում  հուլիսի 7-ին տեղի ունեցած ավտովթարին, որի հետևանքով 3 հայ քաղաքացի է մահացել,  ապա նախարարը տեղեկացրեց, որ  այսօր տուժածներից 3-ին կտեղափոխեն Հայաստան:

«Այնտեղից իրենց շտապօգնության մեքենայով կբերեն, մեր մեքենան կգնա, սահմանին կդիմավորի և կբերի այստեղ: Մյուս երկուսին հնարավոր է սանավիացիայի ինքնաթիռով տեղափոխենք Հայաստան: Ընդհանուր առմամբ, այստեղ սխալը ուրիշ է, իմ կարծիքով՝ սխալը վարորդից է»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը: