Սփյուռքից 61 ուսուցիչ կվերապատրաստվի Հայաստանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2000 թվականից սկսած՝ սփյուռքից ավելի քան 1500 ուսուցիչներ հնարավորություն են ունեցել վերապատրաստվել հայրենիքում, իսկ վերջին երեք տարիներին վերապատրաստումները պարբերական բնույթ են կրում։ Այն իրականացնում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը: Մանկավարժների վերապատրաստումը այսուհետ իրականացնելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Դա նախկինում վստահված է եղել Սփյուռքի նախարարությանը.
«Ներկայումս նախարարությունում քննարկվում է հայ գիտության զարգացման մի նոր փաստաթուղթ, որի շրջանակներում հայերենի, գրականության, հայագիտական առարկաների դասավանդումը ավելի է կարևորվելու։Վստահ եմ՝ վերապատրաստման արդյունքները իրենց դրական արդյունքը կունենան նաև կրթօջախներում», նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Վերապատրաստման դասըթացներն ամեն տարի սկսվում են հունիսի 30-ին, տեւում մեկ ամիս։ Այն իրականացնում է մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը: Ձևավորված 5 խմբերից յուրաքանչյուրում ընդգրկվում է 15-17 մանկավարժ: Ծրագրին մասնակցում են 15 երկրներից 61 ուսուցիչ:
Իսկ շաբաթ և կիրակի օրերին մանկավարժները այցելում են Հայաստանի տեսարժան վայրեր և ծանոթանում պատմամշակութային արժեքներին։
ՀՊՄՀ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սուրեն Դանեիելյանը նշում է, որ Մանկավարժական համալսարանը հիմնադրել է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը 1995 թվականին: Այդ ժամանակվանից կենտրոնը լծվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման գործին։
«Անհանգստացնող է նաև սփյուռքահայ ուսուցիչների նվազումը, դպրոցների անկումը։ Մեզ ցավեցնում է այն, որ տեսնում ենք, թե ինչպես են սփյուռքահայերը ամենօրյա դպրոցներից անցնում մոդայիկ դարձած մեկօրյա վարժարանների: Մեզ ոգևորում են միասնական ծրագիրը և գործողությունների միասնական քայլերը, որպեսզի վերադառնանք ամենօրյա դպրոցների ուսուցիչ պատրաստելու խնդրին»,- ասաց նա:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին անհանգստացնում է այն, որ շատ հայ ընտանիքներ այնքան էլ չեն կարևորում հայոց լեզվի իմացությունը և նախընտրում են իրենց երեխաներին տալ օտարալեզու ուսուցման։ Լեզվի չիմացության համար պատճառ է հանդիսանում նաև հայկական դպրոցների բացակայությունը, շատ անգամ դպրոցները գտնվում են բնակավայրից շատ հեռու, և ծնողները հնարավորություն չեն ունենում իրենց երեխաներին տալ հայկական դպրոց։
«Մենք շահագրգռված եք, որ հնարավորինս շատ երեխաներ հայերեն լեզվով խոսեն, հետևաբար՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանցից շատերը հայկական կրրթություն ստանան»,- ասաց նա: